Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թագուհի Թովմասյան
A A
Հասարակություն

 Թագուհի Թովմասյանի հայցադիմումը մերժվել է

 

  Վարչական դատարանի դատավոր Անի Չիլինգարյանը վարույթ չի ընդունել ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի  հայցադիմումը։ Պատգամավորը պահանջում էր վերականգնել  Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում   իր լիազորությունները։ 

Դատարանը եզրահանգել է, որ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ներառված չէ ո՛չ հանրային ծառայության պաշտոններում, ո՛չ հանրային պաշտոններում, ինչը նշանակում է, որ այն դուրս է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորման տիրույթից, այն ընտրովի պաշտոն է։

 Ըստ պարզաբանման՝  Ազգային ժողովի և Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի միջև հարաբերությունները ծագել են ոչ թե գործատուի և աշխատողի միջև փոխադարձ համաձայնության արդյունքում աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի ընդունման հիման վրա, այլ Թագուհի Թովմասյանի՝ պատգամավորի կարգավիճակից ածանցվող մեկ այլ՝ հանրային պաշտոն չհանդիսացող մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում խմբակցության կողմից առաջադրվելու և Ազգային ժողովի կողմից ընտրվելու արդյունքում։

   Իր որոշման մեջ դատարանը նաեւ նշել է, որ նման վեճերը ընդդատյա չեն ոչ  միայն ՀՀ վարչական, այլ նաեւ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, քանի որ բացակայում են աշխատանքային հարաբերությունները։

Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին  62 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, փակ-գաղտնի քվեարկությամբ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը զրկեց ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

   Իշխանությունը իր քայլը հիմնավորեց նրանով, որ  ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը չի մասնակցել Ազգային ժողովի խորհրդի նիստերին՝ 46 նիստերից բաց թողնելով 38-ը, ինչը բացասաբար է ազդել հանձնաժողովի աշխատանքների վրա։ Բացի այդ՝  Թագուհի  Թովմասյանը նաև անտարբերություն է դրսևորել և չի պաշտապանել մարդու արժանապատվությունը ոտնահարող և վիրավորանք պարունակող հայտարարություններից։