«Շախտյորը» կհյուրընկալի «Բարսելոնային»
Այսօր կկայանան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի պատասխան առաջին երկու հանդիպումները եւ հայտնի կդառնան կիսաեզրափակիչի առաջին երկու մասնակիցները:
Անգլիական Մանչեսթերում միմյանց հետ կհանդիպեն տեղի «Յունայթեդը» եւ Լոնդոնի «Չելսին»: Հիշեցնենք, որ թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր մանչեսթերցիների նվազագույն հաշվով հաղթանակով` 1:0:
Հանդիպման ֆավորիտը, բնականաբար, «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը այս մրցաշրջանում սեփական դաշտում ընդհանրապես պարտություն չի կրել, բացի այդ չեմպիոնների լիգայի մրցաշարերում վերջին անգամ քառորդ եզրափակիչ արգելքը չի հաղթահարել 2005 թվականին, երբ երկու խաղերի արդյունքներով զիջել է իտալական «Միլանին»:
Լոնդոնցիների միակ առավելությունն այն է, որ թիմը վերջապես կարող է խաղին ներկայանալ իր մարտական կազմով, քանի որ լիովին ապաքինվել են նախկինում վնասվածք ստացած վերջին երկու ֆուտբոլիստները` իսրայելացի Բենայունը եւ բրազիլացի Ալեքսը:
Այս փուլի երկրորդ խաղում Դոնեցկի «Շախտյորը» սեփական դաշտում կընդունի «Բարսելոնային»: Առաջին խաղից հետո շոշափելի առավելություն ունեն հյուրերը, քանի որ մեկ շաբաթ առաջ կատալոնյան ակումբն իր հարկի տակ խոշոր հաշվով հաղթանակ էր տարել` 5:1:
Սակայն «Բարսելոնան» չի պատրաստվում «հանձնել» մարզական առումով նշանակություն չունեցող խաղը, քանի որ կատալոնյան թիմը միշտ էլ հանդես է գալիս հաղթողի հոգեբանությամբ: Ճիշտ է, բարսելոնացիները այս խաղարկությունում մրցակիցների հարկի տակ այնքան էլ լավ չեն խաղում եւ միայն մեկ հաղթանակ են տոնել, բայց պարտվել են նույնպես մեկ անգամ:
Դոնեցկի «Շախտյորը» իր հերթին շատ հաջող է հանդես գալիս սեփական հարկի տակ. հանքափոր ֆուտբոլիստները «Դոնեցկ Արենա» մարզադաշտում չեն պարտվել չեմպիոնների լիգայի 12 հանդիպումներում: Սակայն ուկրաինական թիմն ընդհանուր առմամբ վատ է հանդես գալիս իսպանական ակումբների հետ խաղերում: Վերջիններիս հետ իր հարկի տակ անցկացրած 6 հանդիպումներում «Շախտյորը» միայն մեկ հաղթանակ է տարել:
Նշենք, որ վերը նշված հանդիպումները կկայանան ժամը 23:45-ին: