Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-73 29.07.
A A
Սպորտ

«Արարատ-73». սայթաքում Դնեպրոպետրովսկում, սակայն առանց լուրջ կորուստների

 

«Ա1+»-ը ներկայացնում է «Արարատ-73»-ի փառավոր հաղթանակի հերթական փուլը:

50 տարի առաջ նույն օրը՝ հուլիսի 29-ին, «Արարատը» հյուրընկալվում է Դնեպրոպետրովսկի «Դնեպրին», որը զբաղեցնում էր 6-րդ տեղը: Ուշագրավն այն էր, որ թիմերն իրար հետ հանդիպելու էին նաև գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում, և այդ խաղերը կայանալու էին օգոստոսին:

Ինչպես նշում է «Սովետսկի սպորտ» թերթը, «Դնեպրն» իր սովորության համաձայն հենց սկզբից մեծ ուժերով նետվում է առաջ, անընդհատ փոխելով գրոհների ուղղությունները: Արարատցիները սկզբում մեծ դժվարությամբ են չեզոքացնում դրանք, բայց հետո նրանք ի հաշիվ բարձր տեխնիկայի սկսում են գնդակը պահել իրենց մոտ և տանտերերին զրկում են գրոհելու հնարավորությունից: Ավելին, 29-րդ րոպեին մեր ֆուտբոլիստները տիրելով գնդակին, սուր հակագրոհ են ձեռնարկում, և Էդուարդ Մագարովը բացում է խաղի հաշիվը: Սակայն, առաջին խաղակեսի վերջին րոպեին տանտերերը վաստակում են 11մ հարվածի իրավունք, որը վստահ իրացնում է Գրինկոն:

Երկրորդ խաղակեսում «Արարատն» անսպասելի թուլացնում է ակտիվությունը և հիմնականում մտածում դարպասն անառիկ պահելու մասին: Դա հաջողվում է նրանց և գրանցվում է ոչ-ոքի արդյունք՝ 1:1: Հաղթողին որոշելու համար նշանակվում են 11 մ հարվածներ: «Արարատի» դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը չնայած երկու հարված ետ է մղում, սակայն նրա խաղընկերները երեք հարված չեն իրացնում և թիմը պարտվում է 4:5 հաշվով:

«Արարատը» թեև կարևոր երկու միավոր է կորցնում, սակայն պահպանում է իր առավելությունը, քանի որ նրան հետապնդողները նույնպես պարտություն են կրում այս տուրում:

Երեք օր հետո թիմերը կրկին հանդիպում են նույն խաղադաշտում, սակայն արդեն գավաթի համար պայքարում: