Սերգեյ Մովսիսյանը` Գերմանիայի չեմպիոն
Հայաստանի գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը գերմանական «Բադեն-Բադեն» թիմի կազմում դարձավ այդ երկրի չեմպիոն:
Տղամարդկանց շախմատի Գերմանիայի ակումբային առաջնության նախավերջին` 14-րդ տուրում «Բադեն-Բադենը» հաղթելով 2-րդ տեղում ընթացող Բրեմենի «Վերդերին»` 5:3, ժամանակից շուտ գրավեց առաջին տեղը:
Վերջին տուրում Սերգեյ Մովսիսյանն իր խաղընկերների հետ ջախջախեց ետնապահ «Դելմենհորստերին»` 7:1, եւ հաստատեց իր բարձր կարգը: Մեր գրոսմայստերը իր անցկացրած 8 պարտիաներում վաստակեց 6,5 միավոր:
Հավելենք, որ «Բադեն-Բադենի» կազմում հայտավորված էին նաեւ աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը եւ նորվեգացի հայտնի շախմատիստ Մագնուս Կառլսենը, սակայն նրանք այդպես էլ չմասնակցեցին առաջնության տուրերից գոնե մեկին եւ մնացին առանց ոսկե մեդալների:
Նշենք, որ «Վերդերի» կազմում արծաթե մեդալի արժանացավ հայազգի շախմատիստուհի Էլմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանը:
Սերգեյ Մովսիսյանը ներկայումս ռուսական «Սանկտ Պետերբուրգ» թիմի կազմում պատրաստվում է մասնակցել այդ երկրի ակումբային առաջնությանը, որը տեղի կունենա Տուապսեում, ապրիլի 12-23-ը: