Շրջանառության մեջ է դրվում օլիմպիական չեմպիոնին նվիրված հուշադրամ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կենտրոնական բանկը հուլիսի 20-ին շրջանառության մեջ է դնում «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը։
Էսքիզների հեղինակներ՝ Էդուարդ Կուրղինյան (դիմերես), Լուսինե Lալայան (դարձերես): Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հրանտ Շահինյանը (1923-1996 թթ.) հայ հանրաճանաչ մարմնամարզիկ է, ժամանակակից Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոնը։
Նա ծնվել է Գյուլագարակ գյուղում (ՀՀ Լոռու մարզ): 1930թ. ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ նա սկսել է հաճախել մարմնամարզության խմբակ: 1939 թ. նվաճել է ԽՍՀՄ պատանիների բացարձակ չեմպիոնի տիտղոսը։
Հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ օրերից Շահինյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ, վիրավորվել ոտքից և միայն 1946 թ-ից վերսկսել է մարզումները։ Առաջին լուրջ հաջողության հասել է 1949 թ. Բուդապեշտում՝ Երիտասարդների ու ուսանողների համաշխարհային փառատոնում՝ նվաճելով վեց ոսկե մեդալ: Մարմնամարզության համաշխարհային ֆեդերացիայի որոշմամբ նժույգթափի վրա Շահինյանի կողմից կատարած վարժություններից մեկը կոչվում է «Շահինյանի պտուտան»:
Սպորտային կարիերան ավարտելուց հետո անցել է մարզչական գործունեության: 1958-1996 թթ. եղել է ՀՀ լուսավորության նախարարության պատանի մարմնամարզիկների մասնագիտացված մարզադպրոցի տնօրեն, 1967-1969 թթ.՝ ՀԽՍՀ սպորտկոմիտեի նախագահ:
Լեգենդար մարզիկը հայրենիքին մատուցած ծառայությունների և սպորտային բացառիկ նվաճումների համար արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի «Արդարացի խաղի համար» մրցանակի (1994 թ.):