Չեմպիոնների լիգա. հայկական «թիմերի» հաղթանակները և Ֆարերյան կղզիների մեծ անակնկալը
Աջակցիր «Ա1+»-ինՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում ավարտվեց որակավորման 1-ին փուլը: Մրցաշարի առաջին արգելքը չկարողացան հաղթահարել 15 երկրներ: Դրանց թվում է նաև Հայաստանը, քանի որ մեր երկրի չեմպիոնը՝ «Ուրարտուն», 11մ հարվածներով զիջեց Բոսնիա և Հերցեգովինայի «Զրինսկուն»՝ 0:1, 3:2, 11մ ՝ 3:4:
Այս փուլում ամենամեծ անակնկալ մատուցեց Ֆարերյան կղզիների չեմպիոն «Կլակսվիկը», որը հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց Հունգարիայի բազմակի չեմպիոն «Ֆերենցվարոշին»: Խաղից անմիջապես հետո հունգարական ակումբը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովին:
Անակնկալների թվին կարելի էր դասել նաև ռումինական «Ֆարուլի» պարտությունը Մոլդովայի «Շերիֆից», եթե իհարկե դա տեղի ունենար տասնյակ տարիներ առաջ: Սակայն, «Շերիֆն» այժմ ավելի մարտունակ թիմ է, քան շատ ու շատ երկրների չեմպիոնները: Առաջին խաղում 0:1 հաշվով պարտվելուց հետո, մոլդովական թիմը սեփական դաշտում ռևանշի հասավ՝ 3:0:
Առաջին խաղում զիջելուց հետո փոխհատուցման հասավ նաև բուլղարական «Լուդոգորեցը», որը պայքարից դուրս բերեց Կոսովոյի «Բալկանիին»՝ 0:2, 4:0:
Հայաստանի հավաքականի անդամ Տիգրան Բարսեղյանի թիմը՝ Սլովակիայի «Սլովանը», հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի «Հեսպերանժին» և ապահովեց 2-րդ փուլի ուղեգիր: Մեր հավաքականի մյուս երկու անդամների՝ Վարազդատ Հարոյանի և Կամո Հովհաննիսյանի թիմը՝ ղազախական «Աստանան», առաջին խաղում իր հարկի տակ չնայած ոչ-ոքի էր խաղացել Թբիլիսիի «Դինամոյի» հետ՝ 1:1, սակայն մրցակցի հարկի տակ հաղթեց 2:1 հաշվով և նույնպես մտավ հաջորդ փուլ:
Չեմպիոնների լիգայում իրենց ներկայացուցիչներին կորցրին նաև Ուելսը, Հյուսիսային Իռլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան, Լատվիան, Իռլանդիան, Ջիբրալթարը, Էստոնիան, Մալթան և Ալբանիան: