A
A
Այն մարդիկ, որոնք հասկանում են իրավիճակի լրջությունը, հասկանում են, որ պահը ճակատագրական է․ Տ․ Հայրապետյան
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Հայրապետյանը ֆբ-ի իր էջում գրել է․
«Այն մարդիկ, որոնք հասկանում են իրավիճակի լրջությունը, հասկանում են, որ պահը ճակատագրական է, որ եթե հիմա ոչինչ չանենք, ամեն օր ավելի կկորցնենք, շարունակում են լուծումներ փնտրել: Ցույցեր, հանրահավաքներ, գրառումներ, կոչեր, գործողություններ ուղղված միջազգային գործընկերներին: Այդ ամենը պետք է արվի ու կարևոր է: Բայց ուզենք, թե չուզենք մեր խնդիրը եղել ու մնում է Նիկոլ Փաշինյանը՝ իր վարած վտանգավոր քաղաքականությամբ:
Ակնհայտ է՝ իշխանությունը հրաժարվել է թե՛ իր նախընտրական ծրագրից, թե՛ ԱԺ–ում հաստատված կառավարության ծրագրից, հիմա իրագործում է ծրագիր, որը հակասում է իր իսկ հռչակած ծրագրային դրույթներին: Նման դեպքում կառավարությունը հրաժարական է տալիս, բայց մենք դժվար նման խելամիտ քայլի ականատես լինենք Նիկոլ Փաշինյանի կողմից: Նա պատրաստ է կործանել թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը միայն պահի սեփական իշխանությունը ու չընդունի, որ սխալ է, որ իր մոտ չի ստացվում, որ ինքը քանդում է ամեն ինչ: Բայց մի կողք թողնենք իշխանատենչ Փաշինյանին:
Ի վերջո, այս երկրում կա նաև ընդդիմություն: Տևական ժամանակ է մտածում եմ ու փորձում հասկանալ՝ ինչու՞ է ընդդիմությունը պահել իր մանդատները խորհրդարանում, ի՞նչ հարց է լուծում, ԱԺ ամեն նիստին միայն ավելի են խայտառակվում, միջազգային հարթակներում մեծ բան փոխել չի ստացվում, հիմա իմաստը մանդատ պահելու ու ԱԺ–ում մնալու ո՞րն է: Ի վերջո, դա Նիկոլ Փաշինյանի քայլերի լեգիտիմացմանն է ծառայում: Իշխանության հրաժարականին հասնելն այս պահին իրատեսական չի, բայց հանրային պահանջ կարող է դրվել, որ ընդդիմությունը վայր դնի մանդատներն ու դուրս գա խորհրդարանից: Դրանով ԱԺ–ն չի ցրվելու, բայց առաջանալու է քաղաքական լուրջ ճգնաժամ, ինչը ապալեգիտիմացնելու է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարած քաղաքականությունը:
Կարծում եմ՝ եթե ընդդիմությունն իսկապես մտահոգ է ու գիտակցում է, թե ինչ է կատարվում, գործելու ժամանակն է: Փողոց դուրս գալ պետք չի, փողոցային պայքարն արդեն ձախողել են, բայց կարող են մանդատները վայր դնել ու ցույց տալ իրենց անհամաձայնությունը տարվող քաղաքականության հետ՝ ստեղծելով քաղաքական բարդ ճգնաժամ: Դա նույնիսկ կարող է օգնել, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի հետքայլեր անի ու փոփոխություններ մտցնի իր քաղաքականության մեջ: Նա, առնվազն, չի կարող շարունակել կառավարել այնպես, կարծես ոչինչ չի եղել»,- գրել է նա: