Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Թունաքիմիկատներ պտուղ-բանջարեղենում կարող են հայտնաբերվել բոլոր նմուշներում․ ՍԱՏՄ (տեսանյութ)

Սեպտեմբերի 17-ին Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանի ելույթի ժամանակ հնչեցվել են իրականությանը չհամապատասխանող մանիպուլատիվ մտքեր և տվյալներ, որոնց անդրադառնալը և հանրությանն իրականությունը ներկայացնելը համարում ենք անհրաժեշտ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ-ն։ 

«Սեպտեմբերի 15-ին Անվտանգ սնունդ հարթակը հրապարակել են մի նյութ, որի վերնագիրը ինքնին դատավճիռ է: Թունաքիմիկատներ պտուղ բանջարեղենի ամեն երկրորդ նմուշում, ոչ թե ամեն 100-րդ, ոչ թե ամեն 10-րդ այլ ամեն երկրորդ նմուշում»,- իր ելույթում ասել էր պատգամավորը։

ՍԱՏՄ-ն ընդգծում է․ «
Շատ զարմանալի է, որ խնդիր է համարվում պտուղ բանջարեղենի մեջ թունաքիմիկատների առկայությունը և անընդունելի է այն դատավճիռ որակելը: Թունաքիմիկատները պտուղ բանջարեղենում կարող են հայտնաբերվել ոչ միայն յուրաքանչյուր երկրորդում, այլև բոլոր նմուշներում: Դա նորմալ է, քանի որ այդ նյութերն օգտագործվում են մշակության ժամանակ և առանց դրանց առողջ բերք ստանալ հնարավոր չէ:

Խնդիրն առաջանում է այն 
ժամանակ, երբ այդ թունաքիմիկատները պտուղ-բանջարեղենում գերազանցում են թույլատրելի չափաքանակները: Այդ չափաքանակները սահմանված են իրավական ակտերով, ուստի հանրությանը նման հայտարարություններով և անհիմն խուճապ ստեղծելու միտում ունեցող վերնագրերի միջոցով մոլորեցնելն ուղղակի անթույլատրելի է: 

Պատգամավորը հավանաբար տեղյակ չէ, որ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր: Ուստի մեր երկրում գործում են ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պահանջներն ու ստանդարտները: Թունաքիմիկատի կոնկրետ տեսակը կարող է մեկ երկրում արգելված լինել, իսկ մեկ այլ երկրում՝ թույլատրված: Ավելին, Հայաստանը հանդիսանում է Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների անդամ երկիր և ստանձնած միջազգային պարտավորության համաձայն՝ արգելում է այդ կոնվենցիաներով սահմանած թունակիմիկատների գրանցումը, ներմուծումը և օգտագործումը:

Տեսչական մարմնի կողմից 
իրականացված մոնիթորինգի արդյունքում մեր երկրում արգելված թունաքիմիկատներ չեն հայտնաբերվել: Մեր գիտնականները քանի տարի բարձրաձայնում են այս մասին: Հայաստանի Հանրապետությունում արտադրված ցանկացած պտուղ-բանջարեղեն մեր հանրությունը կարող է հանգիստ օգտագործել և վիճակը սարսափելի չէ, ավելին՝ վատ չէ»,- ասվում է հայտարարությունում։