Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 11.07.
A A
Սպորտ

Այսօր՝ «Ուրարտու» - «Զրինսկի». Հայաստանի 27-րդ մեկնարկը չեմպիոնների լիգայում

 

«Ուրարտու» - «Զրինսկի» խաղով այսօր կմեկնարկի ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլը:

Հայաստանի չեմպիոնը 27-րդ անգամ կմասնակցի սույն մրցաշարին: Նախորդ 26 դեպքերում միայն մեկ ակումբի է հաջողվել հաղթահարել առաջին երկու արգելքները: Դա Երևանի «Փյունիկն» է, որը հենց անցած մրցաշրջանում նախ պայքարից դուրս թողեց ռումինական «Կլուժին», ապա Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին» և մտավ որակավորման 3-րդ փուլ: Այստեղ փյունիկցիները պարտվեցին սերբական «Ցրվենա Զվեզդային»:

Ընդհանուր առմամբ Հայաստանի չեմպիոններն որակավորման առաջին փուլը հաղթահարել են 10 անգամ: Առաջինը դա հաջողվել է 2002 թվականին, երբ արգենտինացի մասնագետ Օսկար Լոպեսի գլխավորությամբ «Փյունիկը» ջախջախեց ֆիննական «Տամպերե Յունայթեդին»՝ 4:0, 2:0: Բացի «Փյունիկից», չեմպիոնների լիգայի 1-ին փուլն անցել են նաև «Շիրակը» և «Ալաշկերտը», իսկ ահա ՖԱ «Երևանի», Արարատի «Ցեմենտի» և «Արաքսի», Երևանի «Ուլիսի», «Բանանցի» և «Արարատ-Արմենիայի» մոտ դա չի ստացվել:

Ըստ ֆուտբոլային վիճակագիրների և պատմաբանների, «Ուրարտուն» երկրորդ անգամ է մասնակցում եվրոպական գավաթների մրցաշարին: Երկու տարի առաջ թիմը Կոնֆերենցիաների լիգայի 1-ին փուլում երկու անգամ պարտվել էր սլովենական «Մարիբորին»՝ 0:1, 0:1: Ինչ վերաբերում է նրա այսօրվա մրցակցին՝ Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին», ապա վերջինս եվրոպական մրցաշարերին մասնակցում է 2005 թվականից, սակայն չեմպիոնների լիգայում երբեք չի կարողացել մտնել 2-րդ փուլ, ավելին, թիմը այս մրցաշարում հաղթանակ չի տոնել նախորդ 11 հանդիպումներում: Չնայած նման տխուր վիճակագրությանը, բուքմեյքերները, այնումանեայնիվ, նախապատվությունը տալիս են հենց բոսնիական ակումբին՝ 2,30 գործակից ընդդեմ 3,10-ի:

«Ուրարտու» - «Զրինսկի» հանդիպումը կմեկնարկի ժամը 19:00-ին: Խաղի մուտքը տոմսերով է, որոնց արժեքը կազմում է 500-2000 դրամ: