Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+ararat-73 8.07.
A A
Սպորտ

«Արարատ-73». մեր թիմը վստահորեն է ավարտում առաջին շրջանը

«Ա1+»-ը շարունակում է ծանոթացնել լեգենդար «Արարատ-73» թիմի հաղթական ուղու հետ:

Ֆուտբոլի 1973 թ ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության միանձնյա առաջատար «Արարատը» հուլիսի 8-ին սեփական դաշտում ընդունում է իրեն անմիջապես հետապնդող ԲԿՄԱ-ին: «Հայաստանի ֆիզկուլտուրիկ» թերթն այդ խաղի լուսաբանումը վստահում է Սարգիս Հովիվյանին: Հայկական ֆուտբոլի լեգենդը գրում է, որ թիմերը ելնելով մրցաշարային իրավիճակից, խաղասկզբում ռիսկի չեն դիմում և ավելի շատ ուշադրություն դարձնում են պաշտպանական գծի վրա: Եվ քանի որ պաշտպանության մատույցները հիմնականում փակ էին, ֆուտբոլիստները գերադասում են դարպասը գրավելու հեռահար փորձեր անել: Միայն Հովհաննես Զանազանյանը չորս նման հարված է կատարում, սակայն դրանք նպատակին չեն հասնում: Բանակայինների դարպասապահը ետ է մղում նաև Մարգարովի, Պողոսյանի և Իշտոյանի մոտիկից կատարած հարվածները: Հյուրերը միայն մեկ անգամ են սպառնում Ալյոշա Աբրահամյանի դարպասին, այն էլ հեռվից:

Երկրորդ խաղակեսն սկսվում է ԲԿՄԱ-ի հակագրոհներով, սակայն հյուրերի միակ հարձակվող Ֆեդոտովի փորձերն արդյունք չեն տալիս: «Արարատը» սկսում է ավելի վստահ և նպատակադրված գործել: Դրանում մեծ ներդրում է ունենում փոխարինման մտած Արկադի Անդրիասյանը: Եվա ահա, 51-րդ րոպեին տանտերերի հերթական գրոհի ժամանակ բանակայինների պաշտպանը սխալ է թույլ տալիս, որից անմիջապես օգտվում է Սերգեյ Պողոսյանը, որը խլում է գնդակը և անմիւապես փոխանցում ավելի լավ դիրքում գտնվող Էդուրադ Մարգարովին: «Արարատի» կենտրոնական հարձակվողը սառնասրտորեն գրավում է դարպասը:

55-րդ րոպեին արարատցիների սուր գրոհը չեզոքացնելու համար բանակայիններն արդեն ձեռքքվ են խաղում սեփական տուգանայինում: 11մ նաշանակետին մոտենում է Անդրիասյանը, սակայն նրա հարվածը բարձր է ստացվում:

Դրանից հետո ԲԿՄԱ-ն թարմ ուժեր է մտցնում և փորձում է հավասարեցնել հաշիվը, սակայն «Արարատի» պաշտպաններն փակում են դեպի դարպասը տանող բոլոր ճանապարհները: Նրանք միայն մեկ անգամ են աչքաթող անում Կոպեյկինին, սակայն վերջինիս հետ մենամարտում հաղթող է դուրս գալիս արդեն մեր դարպասապահ Աբրահամյանը: Խաղի վերջին րոպեներին արդեն արարատցիներն են երկու վտանգավոր պահ ստեղծում, սակայն Զանազանյանի և Անդրիասյանի հարվածները մի փոքր շեղ են ստացվում:

«Արարատը», 1:0 հաշվով հաղթելով ԲԿՄԱ-ին, վաստակում է 20 միավոր: Այդպիսով, արարատցիներն առաջին շրջանն վստահորեն ավարտում են 1-ին տեղում՝ 4 միավորով առաջ անցնելով իրեն հետապնդող եռյակից՝ ԲԿՄԱ-ից, Մոսկվայի «Դինամոյից» և «Շախտյորից»: Հաջորդ խաղը թիմն անցկացնում է հուլիսի 15-ին, Տաշքենդում: