Մեկ բաժակ գարեջուր` գոլի համար
Այսօր տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վերջին երկու հանդիպումները:
Բարսելոնայում տեղի համանուն թիմը սեփական հարկի տակ կհյուրընկալի Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորին»:
Ըստ մասնագետների այս զույգի ընդգծված ֆավորիտը «Բարսելոնան» է, որը վերջին անգամ սեփական հարկի տակ պարտվել է 2009 թ հոկտեմբերի 20-ին` Ռուսաստանի «Ռուբինին»` 1:2: Իսկ թիմի հարձակվող Լիոնել Մեսին չեմպիոնների լիգայի մրցաշարում անցկացրած 30 հանդիպումներում դարձել է 25 գոլի հեղինակ:
Սակայն ուշագրավն այն է, որ «Շախտյորը» եվրագավաթներում իսպանական թիմերի հետ անցկացրած 13 խաղերում տարել է ընդամենը 2 հաղթանակ, եւ երկուսն էլ ... «Բարսելոնայի» նկատմամբ: Ուկրաինական թիմը, ընդհանուր առմամբ, շատ հաջող է հանդես գալիս չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում. վերջին 10 հանդիպումներում «Շախտյորը» 9 անգամ հաղթանակով է ավարտել խաղը:
Հարկ է նշել, որ Դոնեցկում հանդիպումը մեծ հետաքրքրությամբ են սպասում նաեւ գարեջրի սիրահարները: Բանն այն է, որ տեղի սրճարանների եւ բարերի սեփականատերերը իրենց այցելուներին խոստացել են հյուրասիրել մեկ բաժակ անվճար գարեջրով, եթե «Շախտյորը» գոլ խփի Բարսելոնայում:
Այսօր նախատեսված երկրորդ խաղում Լոնդոնի «Չելսին» իր հարկի տակ կհանդիպի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Մասնագետները հավասար են գնահատում երկու թիմերի հնարավորությունները: Նրանց վերջին հանդիպումն ավարտվել էր «Չելսիի» հաղթանակով` 2:1: Հենց դա էլ հավատ է ներշնչում լոնդոնցիների երկրպագուներին, որոնք ծարավ են ռեւանշի` 2008 թ չեմպիոնների լիգայի եզրափակիչում հենց «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտության համար: