Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+alashkert
A A
Սպորտ

Կարևոր է, որ հաղթանակ տարանք առաջին խաղում․ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

Երևանի «Ալաշկերտը», պատրաստվելով Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի խաղին, այսօր սեփական դաշտում ստուգողական հանդիպում անցկացրեց Ռուսաստանի Գելենջիկ քաղաքի «Վիստա» թիմի հետ։ Խաղն ավարտվեց ալաշկերտցիների կամային հաղթանակով՝ 5։1։

Հանդիպումից հետո «Ա1+»-ի թղթակիցը զրուցեց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի հետ։

- Ինչպես կգնահատեք թիմի այսօրվա խաղը։

- Բարդ մրցակցի հետ էինք խաղում, պարզապես հակառակորդի ֆուտբոլիստների երիտասարդ և անփորձ լինելը մեզ առավելություն տվեց։ Մենք որոշ դիրքերում գերազանցում էինք որակով, սակայն նրանք էլ շատ լավ ֆուտբոլիստներ ունեին, դեռ նոր են վերադարձել Բուլղարիայից, որտեղ հաղթել էին միջազգային մրցաշարում։ Ես ծանոթ եմ այդ ակումբի նախագծին, աշխատել եմ դրանում։ Բավական որակյալ և թանկարժեք երիտասարդ ֆուտբոլիստներ են հրավիրում ու հետագայում նրանց ուղարկում են բարձրակարգ թիմեր։

Սա մեր առաջին հանդիպումն էր։ Կարևոր է, որ հաղթանակ տարանք առաջին խաղում։ Որոշ առումներով դժգոհ եմ, բայց ընդհանուր առմամբ խաղը ծառայեց իր նպատակին, ստացանք, այն ինչ ուզում էինք։ Ամենագլխավորն այն էր, որ խաղն ավարտվեց առանց վնասվածքների։

- Առաջիկայում թիմում նոր համալրումներ լինելու են։

- Միանշանակ 3-4 ֆուտբոլիստ ֆուտբոլիստներ մեզ միանալու են։ Հիմա տարվում են նման աշխատանքներ։ Մենք քաջ գիտակցում ենք, որ եվրոգավաթների մեկնարկից առաջ պետք է ուժեղացնել կազմը։ Սելեկցիան վաղուց ենք սկսել, սակայն մեկ մեծ խնդիր կա։ Մենք ցանկանում ենք որակյալ լեգիոներներ գտնել, սակայն այդ կարգի ֆուտբոլիստները տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո փորձում են սպասել, փնտրել ավելի լավ տարբերակներ՝ այսպես ասած բարձրակարգ առաջնությունում հանդես գալու համար։ Լեգեոներներից ոչ բոլորն էլ գիտակցում, որ Հայաստանի առաջնությունն արդեն մի քայլ առաջ է կատարել։

Մենք փորձում ենք ֆուտբոլիստներին շահագրգռել նրանով, որ «Ալաշկերտը» մասնակցում է եվրոգավաթներին, պատմություն ունեցող ակումբ է, հանդես է եկել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Աշխատում ենք թիմ հրավիրել որակյալ այնպիսի ֆուտբոլիստների, որոնք կարող են հարց լուծել ինչպես եվրոգավաթային խաղերում, այնպես էլ մեր ներքին մրցաշարերում։