Հեծանվահրապարակը կշահագործվի օգոստոսին
Երեւանի նոր հեծանվահրապարակը կշահագործվի այս տարվա ամռանը,-«Ա1+»-ի մարզական լրագրողը տեղեկացավ Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Գրիգորյանից:
«Ներկայումս շինարարական աշխատանքները մեծ թափով ընթանում են: Դրանց մեծ մասն արդեն կատարվել է: Հուսով ենք, որ ամեն ինչ կընթանա իր հունով եւ արդեն այս տարվա օգոստոսին այն իր դռները կբացի մարզիկների ու մարզասերների առջեւ»,-ասաց նա:
Կարեն Գրիգորյանը ասաց, որ մարզակառույցի շինարարությունը գտնվում է նաեւ հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիայի հսկողության տակ. «Նման հեծանվահրապարակների կառուցումը պահանջում է հատուկ տեխնիկական լուծումներ, իսկ դրանք համակարգում են միայն միջազգային ֆեդերացիայի մասնագետները»:
Հիշեցնենք, որ 2010 թվականին Երեւանի քաղաքապետարանը իտալական «Ռենկո» ընկերության հետ համատեղ Ծովակալ Իսակովի պողոտայի 27/8 հասցեում կառուցում է եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր հեծանվահրապարակ:
Այն նախատեսված է 3200 հանդիսատեսի համար:
Հեծանվահրապարակը կունենա մարզիկների եւ մարզիչների համար առանձին հանդերձարաններ, երկու մարզասրահ նախապատրաստական եւ հետմարզական վարժման համար, հեծանիվների պահման եւ նորոգման սենյակներ, առաջին բուժօգնության սենյակ, մամուլի սրահ, ճաշարան: Նախատեսվում է նաեւ ավտոկայանատեղի 240 մեքենայի համար: Կկառուցվեն հատուկ թեքամուտքեր հաշմանդամների համար:
Հավելենք, որ մարզակառույցի արժեքը կազմում է մոտ 6 միլիարդ դրամ: