Բացել լրահոսը Փակել լրահոսը
art-image-6794
A A
Պաշտոնական

Հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 7854 անձ, որոնցից 7612-ը` թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված

Ներկայումս մշակվում է թմրամիջոցների չարաշահման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի նոր ազգային ռազմավարություն` հաշվի առնելով հիմնախնդրի հետ կապված նոր մարտահրավերները: 

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Ռազմավարությամբ մատնանշվելու են թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի  ուղղությունները: 

Ռազմավարության մշակման գործընթացում ներգրավված են թմրամիջոցների հիմնախնդրի հետ առնչվող բոլոր գերատեսչությունները, այդ թվում՝ նաև առողջապահության նախարարությունը։ 

2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 7854 անձ, որոնցից 7612-ը` թմրամիջոցներով, իսկ 242-ը` հոգեներգործուն նյութերի և հոգեխթանիչների գործածմամբ պայմանավորված: 

Նրանցից 2914-ը հաշվառված է ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով, 4687-ը՝ կանաբինոիդային թմրամիջոցների գործածման հետևանքով, 11-ը՝ կոկաինի գործածման հետևանքով։ 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրամադրվող նարկոլոգիական բուժումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։
 
Ափիոնատիպ կախվածության համախտանիշ ունեցող 822 անձ ներկայումս ստանում է փոխարինող բուժում։

Զերծ մնացե՛ք թմրամիջոցներից, քանի որ դրանց գործածման անգամ մեկ փորձը կարող է դառնալ ճակատագրական և անդառնալի վնաս հասցնել առողջությանը։