Ծանրորդները պատրաստվում են Եվրոպային
Ծանրամարտի Հայաստանի հավաքականները շարունակում են նախապատրաստվել Եվրոպայի 2011 թ առաջնությանը, որը տեղի կունենա Թաթարստանի Հանրապետության մայրաքաղաք Կազանում, ապրիլի 11-18-ը:
«Ա1+»-ի մարզական լրագրողը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանից տեղեկացավ, որ մեր կանանց ընտրանին ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում (մինչ այդ` Աբովյանում), իսկ տղամարդկանց թիմը` Աբովյանում (Ծաղկաձոր):
Նշենք, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանը պատրաստվում է հանդես գալ 11 հոգով: Կանանց մրցումներին պատրաստվում են 3 մարզուհիներ` Էլեն Գրիգորյանը (53 կգ քաշային կարգ), Մելինե Դալուզյանը (69 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ): Ըստ որոշ աղբյուրների, Մելինե Դալուզյանը հնարավոր է բաց թողնի սույն մրցաշարը` աշխարհի առաջնությանը ավելի լավ պատրաստվելու համար:
Տղամարդկանց մրցումներում մեր թիմը կհայտավորի 8 մարզիկ. Սմբատ Մարգարյան (56 կգ), Վանիկ Ավետիսյան, Սամվել Գրիգորյան (երկուսն էլ 69 կգ), Արայիկ Միրզոյան (77 կգ), Էդգար Գեւորգյան (85 կգ), Գեւորիկ Պողոսյան (94 կգ), Արթուր Բաբայան (105 կգ), Հայկ Հակոբյան (+105 կգ): Որպես պահեստայիններ հավաքականի կազմում ընդգրկված են նաեւ Աղասի Աղասյանը (77 կգ) եւ Վարդան Դավթյանը (94 կգ):
Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ հավաքականների վերջնական կազմերը հայտնի կդառնան ապրիլի 7-ին, իսկ երկու օր անց մեր թիմերը կմեկնեն Կազան: