Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+ararat-73
A A
Սպորտ

«Արարատ-73». պարտություն Թբիլիսիում, առանց գոլ բաց թողնելու

«Ա1+»-ը շարունակում է հիշեցնել «Արարատ-73»-ի անցած փառահեղ ուղին:

ԽՍՀՄ բարձրագույն խմբի 12-րդ տուրում արարատցիները Թբիլիսիում հանդիպում են տեղի «Դինամոյի» հետ: Դինամոյականները չնայած գտնվում էին մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում, սակայն «Արարատի» հետ խաղերում միշտ էլ դրսևորել են մարտական բնավորություն:

Ինչպես նշում է «Հայաստանի ֆուզկուլտուրնիկի» թղթակից Արսեն Բաբայանը, խաղի հենց սկզբից դաշտի տերերը դիմում են սրընթաց գրոհների: Հատկապես վտանգավոր էին Գուցաևի եզրափայի ճեղքումները: 10-րդ րոպեին նրա հարվածից հետո Ալյոշա Աբրահամյանին օգնության է հասնում դարպասաձողը:

«Արարատը» տանտերերի գրոհների թափը կոտրելու համար սկսում է երկար ժամանակ գնդակը պահել դաշտի կենտրոնական մասում՝ միաժամանակ նախապատրաստելով հակագրոհներ: 15-րդ րոպեին Հովհաննես Զանազանյանի սուր փոխանցումից հետո Նիկոլայ Ղազարյանն ընթացքից վտանգավոր հարված է կատարում, սակայն «Դինամոյի» դարպասապահ Դավիթ Գոգիան մեծ դժվարությամբ ետ է մղում այն: Վերջինս չեզոքացնում է նաև Իշտոյան – Մարգարով երկքայլ կոմբինացիան և Զանազանյանի հեռահար սպառնալիքը:

Առաջին խաղակեսի վերջում կրկին ակտիվանում են դինամոյականները: Վտանգավոր պահ է ստեղծում նույն Գուցաևը, որի հարվածից հետո գնդակը մի կերպ դուրս է բերում պաշտպան Նորայր Մեսրոպյանը:

Երկրորդ խաղակեսը դարձյալ սկսվում է «Դինամոյի» գրոհներով, բայց «Արարատն» արդեն ավելի մտածված և կազմակերպված է պաշտպանվում: Դաշտի տերերը գնալով թուլանում են, զգացնել է տալ հոգնածությունը: Արարատցիները տիրում են նախաձեռնությանը և մի քանի վտանգավոր գրոհներ ձեռնարկում, սակայն տանտերերի դարպասապահը կրկին անձնուրաց խաղ է ցույց տալիս: Նա նախ չեզոքացնում է Ղազարյանի սուր ճեղքումը, ապա վերջին րոպեին ետ մղում Լևոն Իշտոյանի մոտ տարածությունից կատարած հարվածը:

«Խաղն ավարտվեց, և լուսատախտակի վրայի զրոներն այդպես էլ մնացին անփոփոխ: Թիմերը ստիպված էին իրենց մրցավեճի ելքը որոշել 11մ հարվածներով: Ավելի դիպուկ գտնվեցին դաշտի տերերը», - խաղի ռեպորտաժն այսպես է ավարտում «Ֆիզկուլտուրնիկի» հատուկ թղթակիցը:

Չնայած 11մ հարվածներով պարտությանը՝ 3.4, «Արարատը» մնում է առաջին հորիզոնականում, քանի որ մեր թիմի հետ հավասար ընթացող ԲԿՄԱ-ն 0:1 հաշվով պարտվում է «Շախտյորին»: Հաջորդ խաղը արարատցիներն անցկացնում են հունիսի 24-ին, Դոնի Ռոստովում: