Ուելս-Հայաստան. նոր հանդիպում «Դրակոնների» հետ, նրանց իսկ «որջում»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի 2024թ առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականն այսօր կհանդիպի Ուելսի ազգային թիմի հետ:
Խաղը կկայանա Ուելսի մայրաքաղաք Կարդիֆի «Քաղաքային» մարզադաշտում, որը բացվել է 2009 թվականին, իսկ հինգ տարի հետո վերակառուցվել է Եվրոպայի Սուպերգավաթն ընդունելու համար: «Դրակոնները», ինչպես անվանում են Ուելսի հավաքականի ֆուտբոլիստներին, իրենց նոր «որջում» անցկացրել են 24 խաղ, որից 11-ում հաղթանակ են տարել, 7-ն ավարտել ոչ-ոքի, իսկ 6-ում պարտություն կրել: Նրանք իրենց վերջին հաղթանակը տոնել են այս տարվա մարտի 28-ին, Լատվիայի նկատմամբ՝ 1:0: Դրանից առաջ Ուելսի հավաքականը սեփական դաշտում հաղթանակ չէր տարել երեք խաղում, քանի որ թիմը պատրաստվում էր աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին և մեծ նշանակություն չէր տալիս Ազգերի լիգայի հանդիպումներին:
Ուելսի հավաքականն իր հարկի տակ շատ հազվադեպ է ցուցադրում արդյունավետ ֆուտբոլ: Վերջին անգամ թիմը երեք և ավելի գոլ խփել է Բելառուսի հավաքականին՝ 5:1: Ընդհանուր առմամբ «Դրակոնները» հաճախ մրցակիցներին հասցնում են ընդամենը մեկ «խայթոց»:
Ուելսի և Հայաստանի հավաքականները երրորդ անգամ կհանդիպեն իրար հետ: Նախորդ երկուսում, որոնք կայացել են 2001 թվականին, աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում, ավարտվել են «խաղաղությամբ»: Երևանում գրանցվել է մարտական ոչ-ոքի՝ 2:2, իսկ Կարդիֆում՝ գոլազուրկ՝ 0:0:
Ուելսի հավաքականը հաջող է սկսել Եվրո-2024-ի ընտրական փուլը: «Դրակոնները» հյուընկալվելիս նախ ոչ-ոքի են խաղացել Խորվաթիայի հետ՝ 1:1, ապա սեփական դաշտում հաղթել են Լատվիային՝ 1:0: Նրանք այժմ 4 միավորով առաջին տեղը կիսում են խորվաթների հետ:
Հայաստանի ընտրանին անհաջող է մեկնարկել Եվրոպայի ընտրական մրցաշարը՝ սեփական դաշտում պարտվելով Թուրքիային՝ 1:2: Մեր թիմը Լատվիայի հետ բաժանում է 4-5-րդ տեղերը: Զարմանալի չէ, որ բուքմեյքերներն այսօր մեծ առավելություն են տալիս Ուելսի հավաքականին:
Ելնելով մրցաշարային աղյուսակից, պետք է նշել, որ այս խաղն կարևոր նշանակություն ունի Հայաստանի ընտրանու համար, քանի որ պարտության դեպքում միավորների տարբերությունն կհասնի արդեն 7-ի: Դա մեծ առավելություն կտա «Դրակոններին», որոնց հասնելն ու «սանձելը» շատ դժվար կլինի:
Ուելս – Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:45-ին: