Մրցակցի ճամբարում. 18-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է Հայաստանի հետ խաղին
Աջակցիր «Ա1+»-ինՈւելսի հավաքականի կիսապաշտպան Ջորդան Ջեյմսն հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստանի ընտրանու հետ խաղին:
Բանն այն է, որ 18-ամյա ֆուտբոլիստն իր նորամուտը Ուելսի հավաքականում նշել է այս տարվա մարտին 25-ին, Խորվաթիայի հետ արտագնա խաղում: Հայաստանի հետ խաղում նա առաջին անգամ կարող է հանդես գալ սեփական երկրպագուների ներկայությամբ:
Ջորդան Ջեյմսը ծնվել է Անգլիայում և ֆուտբոլ խաղալ սկսել է տեղի «Բիրմինգհեմ Սիթի» ակումբում: Նա երկու հանդիպում է անցկացրել Անգլիայի Մ-20 հավաքականում, սակայն այս տարի որոշել է հանդես գալ իր հոր պատմական հայրենիքի՝ Ուելսի հավաքականում:
«Հայրս մաքուր ուելսցի է և ամեն ինչ արել է, որ ես էլ ինձ այդպիսին զգամ: Ցանկացա խաղալ Անգլիայի հավաքականում, բայց հետո հասկացա, որ այն այնքան էլ հոգեհարազատ չէ ինձ: Երբ հագնում եմ Ուելսի մարզաշապիկը, բոլորովին այլ զգացումներ եմ ունենում: Շնորհակալ եմ գլխավոր մարզչին, որ վստահեց ինձ Խորվաթիայի հետ կարևոր խաղում: Նա բավականին վստահում է երիտասարդ խաղացողներին, բայց նաև շատ պահանջկոտ է, ինչպես տարեց ֆուտբոլիստների նկատմամբ: Ես այստեղ եմ, որպեսզի համապատասխանեմ այդ պահանջներին: Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի հետ խաղին: Կանենք ամեն ինչ մեր երկրպագուներին ուրախացնելու համար», - ասել է տակավին պատանի ֆուտբոլիստը:
Ուելս – Հայաստան ընտրական հանդիպումը կկայանա հունիսի 16-ին, Կարդիֆում: