Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+inter 9.06.
A A
Սպորտ

Մխիթարյանը արդեն ապաքինվել է, սակայն դեռ որոշ կասկածներ ունեմ. Սիմոնե Ինձագի (տեսանյութ)

Միլանի «Ինտերն» այսօր Ստամբուլի «Աթաթյուրք» մարզադաշտում անցկացրել է իր վերջին մարզումն ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ: Ինչպես նշում են իտալական լրատվամիջոցները, դրան մասնակցել են բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում վնասվածքից ապաքինված Հենրիխ Մխիթարյանն ու Կորեան:

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին նախախաղային մամուլի ասուլիսին խոսել է նաև մեր ֆուտբոլիստի մասին:

«Մխիթարյանն արդեն ապաքինվել է վնասվածքից, սակայն դեռ որոշ կասկածներ ունեմ կապված նրա մարզավիճակի հետ: Նա 22 օր ընդմիջումից հետո միայն երեկ լիարժեք մարզում անցկացրեց։ Այսօր մեր վերջին պարապմունքն է: Դրանից հետո ես կորոշեմ, օգտագործե՞լ նրան առաջին իսկ րոպեից, թե խաղի ընթացքում: Մի բան պարզ է, որ Մխիթարյանը խաղալու և պայքարելու մեծ ցանկություն ունի»։

Իտալացի մասնագետը նաև նշել է հաղթանակ տանելու հույսի հիմնական բաղադրիչների մասին:

«Վաղը մեր 57-րդ խաղն է լինելու, և մենք բոլորս միասին ենք եղել այդ ընթացքում, դժվար պահերին միավորվել ենք և բավականին թրծվել ենք: Խենթ երազանքը մեզ բերեց Ստամբուլ, և մենք կփորձենք թիզ առ թիզ պայքարել ոտքերով, գլխով և սրտով», - ասել է Սիմոնե Ինձագին:

Չեմպիոնների լիգայի «Ինտեր» - «Մանչեսթեր Սիթի» եզրափակիչ խաղը կկայանա հունիսի 10-ին, ժամը 23:00-ին: