Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
Դորտմունդում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցումների վերջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց միայն մեկ մեդալ:
60 կգ քաշայինների պայքարում Վահան Ջուհարյանը 1/8 եզրափակիչում 0:1, 0:2 հաշվով պարտվելով Ռումինիայի ներկայացուցիչ Էուսեբիու Դիակոնուին, ժամանակից շուտ ավարտեց ելույթները:
Չարդարացրեց սպասելիքները նաեւ 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը: Եվրոպայի նախկին չեմպիոնը 1/8 եզրափակիչում չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ հունգարացի Պետեր Բացիին` 0:3, 0:4: Վերջինս դուրս եկավ եզրափակիչ, ուստի Արսեն Ջուլֆալակյանը իրավունք ստացավ պայքարելու բրոնզե մեդալի համար: Սակայն վերջին, վճռորոշ գոտեմարտում, նա անհաջողության մատնվեց` պարտվելով ռուսաստանցի Ռոման Վլասովին:
Մեր ըմբիշներից առավել հաջող հանդես եկավ 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Նա հաղթահարելով առաջին 4 արգելքները, մտավ եզրափակիչ: Վճռական գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը մրցեց Տիմոֆեյ Ձեյնիչենկայի հետ: Ավաղ, մեր 20-ամյա ըմբիշը 0:1, 0:1 հաշվով զիջեց ավելի փորձառու բելառուսցի մարզիկին եւ ստիպված բավարարվեց արծաթե մեդալով:
Այդպիսով, Հայաստանի մարզիկները ըմբշամարտի Եվրոպայի 2011 թ առաջնությունում նվաճեցին 5 մրցանակ` 1 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներ, ընդ որում 4-ը հունահռոմեական, 1-ը` ազատ ոճում: