Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոման Ամոյանը Եվրոպայի չեմպիոն

Սպորտ
891c6dea279ce62880fd3eda9fcb69c5

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության առաջին օրը 3 մեդալ նվաճեցին:

 

Մեր 4 մարզիկներից առավել հաջող հանդես եկավ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը: Նա հաղթահարելով նախնական փուլի արգելքները` մտավ եզրափակիչ, որտեղ մրցեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վուգար Ռահիմովի հետ: Ռոման Ամոյանը վստահ հաղթեց ազգությամբ ադրբեջանցի ըմբիշին` 5:0, եւ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

 

84 կգ քաշային Արթուր Շահինյանը վստահ սկսեց մրցումները` առաջին փուլում հաղթելով չեռնոգորցի Պրեդրագ Ստանյեւիչին, սակայն երկրորդ գոտեմարտում պարտվեց ռուսաստանցի Ալան Խուգաեւին: Քանի որ վերջինս հասավ եզրափակիչ, մեր մարզիկը սփոփիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ստացավ: Նա սկզբում հաղթեց իտալացի Վինչենցո Սիբիլիային, իսկ 3-րդ տեղի համար պայքարում առավելության հասավ գերմանացի Յան Ֆիշերի նկատմամբ եւ արժանացավ բրոնզե մեդալի:

 

120 կգ քաշային կարգում Յուրի Պատրիկեեւն այս անգամ բավարարվեց բրոնզե մեդալով: Մեր ըմբիշը կիսաեզրափակիչում անսպասելի պարտվեց թուրք Ռիզա Կայալպին: 3-րդ տեղի համար մրցավեճում Յուրի Պատրիկեեւն անչափ լարված պայքարում, 2:1 հաշվով հաղթեց շվեդացի Մագնուս Էուրենին:

 

Բոլորից անհաջող ելույթ ունեցավ 66 կգ քաշային Սասուն Ղամբարյանը, որը առաջին գոտեմարտում զիջեց վրացի ըմբիշ Անտոն Մամագեիշվիլուն եւ դուրս մնաց պայքարից: