Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futzal 8.06.
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտզալի հավաքականը կհանդիպի աշխարհի չեմպիոնի հետ

 

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության եվրոպական գոտու էլիտ ռաունդի վիճակահանությունը:

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է E խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Պորտուգալիան, Վրաստանը և Ֆինլանդիան: Պորտուգալիան այժմ աշխարհի գործող չեմպիոնն է: Այն հաղթել է նաև Եվրոպայի վերջին երկու առաջնություններում: Վրաստանը պայքարը սկսել է որակավորման հիմնական փուլից և հաղթել Բելգիային ու Ավստրիային: Ֆինլանդիան էլիտ ռաունդ է մտել որպես խմբում գրաված լավագույն երկրորդ թիմ: Ի դեպ, Հայաստանի հավաքականը Գերմանիայի հետ այն թիմերից մեկն է, որը մրցաշարը սկսել է որակավորման 1-ին փուլից և հաղթահարել բոլոր երեք արգելքները:

Նշենք, որ էլիտ ռաունդին մասնակցում են 20 թիմ, որոնք բաժանվել են 5 խմբերի միջև: Դրանց հաղթողները միանգամից կմտնեն եզրափակիչ մրցաշար: Մնացած երկու ուղեգրերն անցումային խաղերում կխաղարկեն խմբերում 2-րդ տեղերը գրաված լավագույն չորս թիմերը:

Էլիտ ռաունդի հանդիպումները կանցկացվեն սեպտեմբերի 11-20-ը, հոկտեմբերի 2-11-ը և դեկտեմբերի 11-20-ն ընկած ժամանակահատվածներում:

Ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության անցկացման վայրը դեռևս հայտնի չէ: Եզրափակիչ մրցաշարին կմասնակցեն տարբեր աշխարհամասերի 24 հավաքականներ: