Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սաֆրաստյան
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Մենք պետք է պատրաստ լինենք, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ դիրքորոշումը կկոշտացնի․ Սաֆրաստյան

Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներից ակնհայտ էր, որ երկրորդ փուլում Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի շատ քվե կստանա և կշարունակի պաշտոնավարել։ «Ա1+»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝  Էրդողանի հաղթանակը սպասելի էր, որովհետև  Քըլըչդարօղլուին այդպես էլ չհաջողվեց իր շուրջը համախմբել ընտրողների մեծամասնությանը, նա չկարողացավ առաջարկել որևէ այլընտրանքային ճանապարհ Թուրքիայի զարգացման համար, որն սկզբունքորեն կտարբերվեր Էրդողանի վարած քաղաքականությունից։

«Ընդդիմությունը թույլ էր ու պառակտված, և նույնիսկ այն բարենպաստ պայմանները, որոնք առկա էին Թուրքիայում իշխանափոխության հասնելու համար, Քըլըչդարօղլուն և նրա թիմը չկարողացան օգտագործել։ Ընդդիմությունը չուներ այնպիսի առաջնորդ, որը կարող էր Էրդողանի հետ մրցակցել և Էրդողանի նման ազդել մարդկանց վրա»,- ասաց նա։

Թուրքագետի դիտարկմամբ՝ Էրդողանը որպես քաղաքական գործիչ շատ ավելի փորձառու է, խարիզմատիկ է, նրա ձեռքում են կենտրոնացած կառավարական լծակները, ինչը Թուրքիայի նախագահը լայնորեն օգտագործեց նախընտրական պայքարի շրջանում։

«Բացի այդ՝ Թուրքիայում կա մի ընտրազանգված, որը կուրորեն հետևում է Էրդողանին՝ հաշվի առնելով նրա իսլամամետ, պանթյուրքիստական քաղաքականությունը․ դա հասարակության ծայրահեղական, ազգայնական իսլամիստական հատվածն է, որը կա Թուրքիայում ու բավականին մեծ թիվ է կազմում, մոտ 20-30 տոկոս»,- նշեց թուրքագետը։

Սաֆրաստյանի կարծիքով՝ թեև Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ մայիսի 28-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններն ամենաանարդարն էին Թուրքիայի պատմության մեջ, սակայն հետընտրական լուրջ զարգացումեր չեն լինի, ընդդիմադիր թեկնածուն պաշտոնապես չի բողոքարկի ընտրության արդյունքները, որովհետև չի կարող անհրաժեշտ քանակությամբ հավաստի տվյալներ հավաքագրել բողոքարկումը հիմնավորելու համար։

Սաֆրաստյանը մտավախություն ունի, որ Էրդողանի վերընտրվելով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում էական փոփոխություններ չեն լինի։ Ավելին, հաշվի առնելով Երևանում Նեմեսիսի հուշակոթողի բացման շուրջ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում բարձրացված աղմուկը՝ կարելի է ենթադրել, որ այսուհետ հարևան Թուրքիան, որի հետ ՀՀ իշխանություններն այդքան շատ են ուզում բարեկամություն անել, էլ ավելի կկոշտացնի Հայաստանի նկատմամբ իր դիրքորոշումը։

«Մենք պետք է գիտակցենք, որ այս պահին Թուրքիայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առաջնային խնդիր չէ, միշտ էլ այդպես եղել է։ Մենք պետք է առաջին հերթին մեր դիրքերը, մեր ազգային շահը ոչ մի առումով չզիջենք, մենք պետք է մեր ինքնության հետ կապված ոչ մի կոմպրոմիսի չգնանք, պետք է շատ լավ հասկանանք Թուրքիայի շահերը, պետք է պատրաստ լինենք, որ Թուրքիան իր դիրքորոշումը կոշտացնելու է և քայլեր ձեռնարկի մեր պատմական հիշողության վրա ներազդելու համար։ Ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի։  Մենք պետք է հասանանք՝ ում հետ գործ ունենք»,- հավելեց Սաֆրաստյանը։

Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված նման իրավիճակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորելու շտապողականությունը, թուրքագետը դժվարանում է բացատրել, ասում է՝ Հայաստանի վարչապետը կարող էր շնորհավորել Էրդողանին, բայց այդքան շտապել պետք չէր։

Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները դեռևս չեն ամփոփվել, սակայն Թուրքիայի ԿԸՀ-ն հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակի մասին՝ ձայների ավելի քան 52% արդյունքով։