Հայաստան – Ռուսաստան հանդիպման նոր արձագանքները
Ֆուտբոլասերների համառուսաստանյան միավորումը (ՖՀՄ) նամակով դիմել է Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյին եւ խնդրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պարզել մարտի 26-ին կայացած Հայաստան - Ռուսաստան խաղից առաջ տեղի ունեցած միջադեպը:
Ինչպես տեղեկացնում է ՖՀՄ-ի պաշտոնական կայքը, Ռուսաստանի հավաքականի մոտ 100 երկրպագուներ չեն կարողացել մտնել «Հանրապետական» մարզադաշտ, չնայած խաղի տոմսի առկայությանը, եւ որ այդ առիթով ՌՖՄ-ն պատրաստվում է բողոք ներկայացնել ՀՖՖ-ին եւ պահանջել ներողություն խնդրել ու փոխհատուցել երկրպագուների կրած վնասը:
«Ընդունող կողմը, այսինքն` Հայաստանը, այդ փաստը բացատրում է նրանով, որ իբր ռուս երկրպագուներին տրամադրած տրիբունան արդեն լեփ-լեցուն է եղել: Սակայն դա ֆուտբոլասերների խնդիրը չէ: Եթե մեզ հաջողվի փոխհատուցել մարզադաշտ չմտած երկրպագուների տոմսերի գումարը, ապա դա չնչին մխիթարանք կլինի նրանց համար», - ասել է ՖՀՄ-ի նախագահ Ալեքսանդր Շպրիգինը:
ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից «Ա1+»-ի մարզական թղթակցին այդ առիթով տեղեկացրին, որ դեռեւս որեւէ բողոք չի ստացվել ՌՖՄ-ից, բացի այդ պարզ չէ, թե ինչ տոմսերի մասին է խոսքը գնում, այն, որոնք տրամադրվել էին ռուսական կողմին, թե Հայաստանում վաճառված տոմսերի մասին:
«Հանրապետական» մարզադաշտի տնօրինությունից տեղեկացրին, որ տրիբունա մտնելու հետ կապված խնդիրներ են ունեցել այն ռուսաստանցի ֆուտբոլասերները, ովքեր իրենց ծանոթների օգնությամբ տոմսեր են ձեռք բերել Երեւանում, այլ ոչ թե Ռուսաստանի ֆուտբոլի միությունից:
«Եթե այդ երկրպագուներն անգամ մտնեին մարզադաշտ, միեւնույն է, իրավապահ մարմինները նրանց կհեռացնեին տրիբունայից, քանի որ հյուրերի համար տնօրինությունը հատկացրել էր երկու առանձին սեկտորներ», - եզրափակեց մարզադաշտի աշխատակիցը:
Իսկ ահա ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից այդ կապակցության ասացին, որ ոստիկանները ոչ մի կապ չունեն միջադեպի հետ, քանի որ նրանք խաղի ժամանակ զբաղված են եղել միայն հասարակական կարգի պահպանությամբ:
Սակայն խաղի օրը իրավապահ մարմինները ոչ միայն հետեւում էին կարգուկանոնին, այլեւ ... ստուգում էին տոմսերը: Մասնավորապես` մարզադաշտի շուրջը ստեղծված 4 անցակետերից առաջին երկուսում հենց ոստիկաններն էին հսկում, եւ նրանք բոլորից պահանջում էին ներկայացնել խաղի տոմսերը: