Մեր շախմատիստները համեստ տեղեր են զբաղեցնում
Ֆրանսիայի Էքս լը Բեն քաղաքում շարունակվող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի շախմատիստները զբաղեցնում են բավական համեստ տեղեր:
Ութ տուրից հետո մեր վեց շախմատիստները` Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Վլադիմիր Հակոբյանըб վաստակելով 5-ական միավոր, բաժանում են 56-115-րդ տեղերը: Նրանք մրցաշարի վեց առաջատարներից արդեն ետ են մնում 1,5 միավորով:
Այդպիսով, մրցանակային տեղ զբաղեցնելու համար նրանք մնացած երեք տուրերում պետք է միմիայն հաղթանակներ տանեն, ինչը, ինքնին, դժվար լուծելի խնդիր է շախմատում:
Այսօր կայանալիք 9-րդ տուրում մեր շախմատիստները կմրցեն տարբեր երկրների ներկայացուցիչների հետ.
Վլադիմիր Հակոբյան - Պավել Յարաս (Լեհաստան)
Դանիել Ֆրիդման (Գերմանիա) - Սամվել Տեր-Սահակյան
Գադիր Գուսեյնով (Ադրբեջան) - Գաբրիել Սարգսյան
Տոնի Նիբակ (Ֆինլանդիա) - Ռոբերտ Հովհաննիսյան
Արման Փաշիկյան - Աթանասիոս Մաստրովասիլիս (Հունաստան)
Բարիս Եսեն (Թուրքիա) - Ավետիք Գրիգորյան