Բացել լրահոսը Փակել լրահոսը
արցախ
A A
Քաղաքականություն

Կանգնե՛ք պաշարման մեջ գտնվող 120000 արցախցիների կողքին․ հայտարարություն

«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման  հայտարարությունը

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակում է Արցախի հանձնման եւ հայկական պետականության կործանման  հանցավոր ծրագիրը: Մենք պարտավոր ենք սթափվել ու թույլ չտալ, որ այն  ավարտին  հասցվի:

«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը  հայտարարում է, որ Փաշինյանի կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ, որը կհակասի Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու արցախահայության՝ միջազգային իրավունքով սահմանված ինքնորոշման իրավունքին,  լեգիտիմ չէ, ուստի չի կարող կանխորոշել Արցախի ճակատագիրը:

Ադրբեջանի կողմից  Արցախի Հանրապետության դեմ իրականացվող էթնիկ զտման եւ ցեղասպանական քաղաքականությունը, շուրջ  160 օր 120 000 մարդու շրջափակման մեջ պահելու   փաստը, ինչպես նաեւ 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների ու միջազգային  դատարանների որոշումների անտեսման իրողությունը վկայում են,  որ «միջազգային երաշխիքներով» համեմված  փաշինյանական «խաղաղության» թեզն ընդամենը ծուղակ է  եւ որեւէ  ձեւով չիʹ կարող ապահովել  Արցախի անվտանգությունը:

Հայաստանի Հանրապետության ցանկացած իշխանություն պարտավոր է լինել Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի անվտանգության ու զարգացման երաշխավորը:

Փաշինյանից ու իր հանցակից վարչախմբից պահանջում ենք անհապաղ դադարեցնեʹլ Արցախի շուրջ սակարկությունները, հրաժարվեʹլ հայկական պետության սահմանները խոցելի դարձնելու հանցավոր ծրագրից ու ներազգային պառակտիչ քաղաքականությունից:

Նաև հիշեցնում ենք ՀՀ գործող իշխանություններին, որ ցեղասպանության կանխման և ինքնորոշման իրավունքի պաշտպանության պարտականությունը միջազգային (erga omnes) պարտականությունն է, որն ուղղված է ամբողջ միջազգային հանրությանն ու առաջին հերթին՝ Հայաստանի Հանրապետությանը, որն իր, իսկ օրենսդրությամբ ստանձնել է նման հանձնառություն, և որից հրաժարումը միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության ակնհայտ կոպիտ խախտում է:

Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին եւ աշխարհասփյուռ հայությանը  կոչ ենք անում՝ բռունցքվել եւ ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստան չէ, եւ վե՛րջ: Հետեւաբար, հայկական պետականության ճակատագիրն ու Հայաստանի եւ Արցախի միջեւ հարաբերությունները չեն կարող պայմանավորված լինել փաշինյանական կեղծ օրակարգերով:

Կանգնե՛ք պաշարման մեջ գտնվող 120000 արցախցիների կողքին, որոնք ամեն օր պայքարում են ԱՐՑԱԽԸ եւ ՀԱՅԱՍՏԱՆԸ ազատ, անվտանգ ու հայկական պահելու համար: