
Հայկ Մարտիրոսյանը պարտվեց և զիջեց առաջատարի դիրքը. Sharjah Masters 2023
Աջակցիր «Ա1+»-ինԱՄԷ Շարջա քաղաքում ընթացող շախմատի Sharjah Masters 2023 միջազգային խոշոր մրցաշարում այսօր կայացան 6-րդ տուրի պարտիաները:
Ուժեղագույնների խմբի առաջատար Հայկ Մարտիրոսյանը սևերով հանդիպեց Գուկեշի հետ: Պարտիան ավարտվեց հնդիկ գրոսմայստերի հաղթանակով, որը վաստակեց 4,5 միավոր և առաջ անցավ հենց Հայկ Մարտիրոսյանից:
Առաջատարի սայթաքումից օգտվեց նաև ամերիկահայ շախմատիստ Սամուել Սևյանը, որը սպիտակներով պարտության մատնեց ավստրալացի Թեմուր Կույբոկարովին և նույնպես վաստակեց 4,5 միավոր:
Այս տուրում մեր շախմատիստներից հաջող հանդես եկավ Մանուել Պետրոսյանը, որը հաղթեց սերբ Ալեքսանդր Պրեդկեին, վաստակեց 4 միավոր և հավասարվեց Հայկ Մարտիրոսյանին: Նրանք այժմ բաժանում են 14-15-րդ տեղերը:
Մրցաշարը հաղթանակով մեկնարկած Շանթ Սարգսյանը հինգերորդ ոչ-ոքին արեց այս տուրում և վաստակած 3,5 միավորով գտնվում է 21-րդ հորիզոնականում: Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանն առայժմ հաղթանակ չի տոնել և վաստակած 2,5 միավորով գտնվում է 53-րդ տեղում:
«Չելենջ» խմբում հանդես եկող միջազգային վարպետ Էմին Օհանյանը 4,5 միավորով կիսում է 3-7-րդ տեղերը, իսկ կանանց վարպետ Մարիամ Մկրտչյանը 3,5 միավորով գտնվում է 19-րդ հորիզոնականում:
Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր: