Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-73
A A
Սպորտ

«Արարատ-73». «Տորպեդոյի» հետ խաղում չեն օգնում անգամ 11մ հարվածը և «սեփական պատերը»

«Ա1+»-ը շարունակում է «Արարատ-73»-ի փառավոր հաղթանակի 50-ամյակին նվիրված հուշաշարքը:

1973թ ԽՍՀՄ առաջնության 8-րդ տուրում «Արարատը» սեփական դաշտում ընդունեց Մոսկվայի «Տորպեդոյին», որը 6 միավորով զբաղեցնում էր 9-րդ տեղը:

«Հայաստանի ֆիզկուլտուրիկ» թերթում խաղը լուսաբանած հանրապետության վաստակավոր մարզիչ Հրանտ Նարինջյանը նշում է, որ արարատցիները շատ իներտ ու անտրամադիր են սկսում խաղը: Դրանից անմիջապես օգտվում են տորպեդոյականները, որոնք 20 րոպեում երկու գոլ են խփում:

30-րդ րոպեին արարատցիներն էլ ավելի մեծ հուսահատություն են ապրում, քանի որ Հովհաննես Զանազանյանը չի կարողանում իրացնել անգամ 11մ հարվածը: «Տորպեդոյի» դարպասապահ Ռակիտսկին ցատկով որսում է գնդակը: Առաջին խաղակեսն այդպես էլ անցնում է հյուրերի առավելությամբ:

Ընդմիջումից հետո «Արարատն» ակտիվանում է և փորձում է ետ բերել կորցրածը: 66-րդ րոպեին փոխարինման մտած Էդուարդ Մարգարովն ու Նազար Պետրոսյանը լավ գրոհ են ձեռնարկում և վերջինս կրճատում է հաշվի տարբերությունը: Սակայն, հինգ րոպե անց «Տորպեդոյի» ավագ Նիկոնովը վարպետորեն շրջանցում է «Արարատի» չորս պաշտպաններին և սառնասրտորեն գրավում դարպասը: Հաշիվն այդպես էլ մնում է անփոփոխ՝ 1:3:

Այդպիսով, «Արարատն» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրում առաջնությունում և վաստակած 8 միավորով նահանջում է 6-րդ տեղ: Հաջորդ խաղն մեր թիմն անցկացնում մայիսի 27-ին, Ալմա-Աթայի «Կայրաթի» հարկի տակ, որն այդ պահին մեկ միավորով ու հորիզոնականով գերազանցում էր մերոնց: