Ֆավորիտը «Միկան» է
Այսօր կվերսկսի ֆուտբոլի Հայաստանի 2011 թ գավաթի խաղարկությունը: Կիսաեզրափակիչ առաջին խաղում Երեւանի «Միկան» կհանդիպի «Բանանցի» հետ: Հանդիպումը տեղի կունենա «Միկա» մարզադաշտում, ժամը 16:00-ին:
Նշենք, որ 1/4 եզրափակիչում միկացիները երկու խաղերի արդյունքներով հաղթել էին Դիլիջանի «Իմպուլսին»` 3:0, 2:2, իսկ «Բանանցը» պայքարից դուրս էր բերել Կապանի «Գանձասարին»` 3:0, 0:1:
Բուքմեյքերների հաշվարկով այսօրվա հանդիպման ֆավորիտը «Միկան» է, որի հաղթանակը հավասար է 1,97 գործակից: «Բանանցի» հնարավորությունը գնահատվել է 2,80 գործակցով:
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ մյուս խաղում միմյանց հետ կհանդիպեն Երեւանի «Ուլիսն» ու Գյումրիի «Շիրակը»: Ի դեպ, այս թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա ուղիղ մեկ շաբաթ հետո, ապրիլի 6-ին:
Պատասխան խաղերը նույնպես կանցկացնեն շաբաթական ռիթմով, ուստի եզրափակիչ խաղի վերջին մասնակիցը հայտնի կդառնա ապրիլի 27-ին: