Ֆուտբոլի եվրոպական լիգաներ. Իտալիան կպայքարի երեք գավաթների համար
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի և Կոնֆերենցիաների լիգաներում հայտնի դարձան եզրափակիչ խաղերի մասնակիցները:
ՈՒԵՖԱ-ի գավաթը կվիճարկեն Հռոմի «Ռոման» և «Սևիլյան»: Իտալական ակումբը կիսաեզրափակիչ պատասխան խաղում ոչ-ոքի՝ 0:0 խաղաց գերմանական «Բայերի» հետ և պահպանեց սեփական դաշտում խփած միակ գոլի առավելությունը: Իսպանական ակումբը սեփական դաշտում միայն լրացուցիչ ժամանակում կարողացավ կոտրել իտալական «Յուվենթուսի» դիմադրությունը և տոնել վերջնական հաղթանակ՝ 2:1: Եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 31-ին:
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում միմյանց հետ կհանդիպեն «Ֆիորենտինան» ու Լոնդոնի «Վեսթ Հեմը»: Իտալական թիմը հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց շվեյցարական «Բազելին» և ռևանշի հասավ առաջին խաղում կրած պարտության դիմաց (1:2): Անգլիական ակումբը երկրորդ խաղում դարձյալ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով և վստահ մտավ եզրափակիչ, որը տեղի կունենա հունիսի 7-ին:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եզրափակիչ են մտել Միլանի «Ինտերը» և «Մանչեսթր Սիթին», որոնք իրար հետ կհանդիպեն հունիսի 10-ին: Այդպիսով, Իտալիան կպայքարի երեք, իսկ Անգլիան՝ երկու գավաթների համար