Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Գյուղը կտեղափոխվի․ Կապսի ջրամբարի շինարարության մեկնարկը տրված է (տեսանյութ)

Կապսի ջրամբարի կառուցման մեկնարկը տրված է: Տեղի ունեցավ ջրամբարի պաշտոնական հիմնարկեքը։ Դեռ 1985թ․ նախատեսվել է 90 մլն  խորանարդ մետր ընդհանուր ծավալով Կապսի ջրամբարի կառուցումը՝ ապահովելու Շիրակի մարզի շուրջ 30000 հա հողերի ոռոգումը, սակայն պատվարի կառուցումն ավարտին չի հասցվել 1988թ Սպիտակի ավերիչ երկրաշարժին հետևած տնտեսական վիճակի վատթարացման և 1991թ-ին Խորհրդային Միության փլուզման պատճառով։ 1993թ-ին շինարարությունը վերջնականապես դադարեցվել է։

Թուրքիայի կողմից ակտիվ ջրամբարաշինարարության հետևանքով ՀՀ մուտք գործող ջրային ռեսուրսների կրճատմամբ և կլիմայի փոփոխության հետևանքով ջրային ռեսուրսների խոցելիությամբ պայմանավորված մարտահրավերների ֆոնին էլ ավելի է կարևորվում Կապսի ջրամբարի կառուցումը։

Գյումրիից 22կմ դեպի հյուսիս կառուցվող ջրամբարի նախագծման ծրագիրը մեկնարկել է դեռևս 2016 թվականին։ Ծրագիրը իրականացվում է ՀՀ կառավարության ու Վերակառուցման վարկերի բանկի վարկային միջոցներով : Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո, որից  68.5 մլն եվրոն վարկային միջոցներն են. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշում է, որ ծրագիրը ունենալու է 2 փուլ․ «Առաջին փուլից հետո ոռոգելի հողատարածությունների քանակը կլինի 17,000 հեկտար նոր հողատարածքներ և ևս մոտ 2000 հեկտար այնպիսի տարածքներ, որոնք որ պետք է ներկայում մեխանիկական ոռոգման եղանակից անցում կատարեն դեպի ինքնահոս ջրահամակարգով ոռոգման»։

Նախատեսվում է կառուցել 25 մլն խորանարդ մետր ծավալով ջրամբար՝ հետագայում  առավելագույն ծավալը դարձնելով  60 մլն խորանարդ մետրի։ Նման ծավալի դեպքում հնարավորություն կստեղծվի Շիրակի մարզի ոռոգելի հողատարածքներն ավելացնել ևս 920 հեկտարով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքերով՝ իրենք արդեն սկսում են երկրորդ փուլի բանակցությունները․ «Երկրորդ փուլով պատվարը ավելի կբարձրացնենք և 25մլն խորամարդ մետր ջուրը կդարձնենք 60 մլն խորանարդ մետր, նաև կկառուցենք համապատասխան ջրանցքները, որոնք ոչ միայն Շիրակի մարզի, այլև Արագածոտնի մարզի մի շարք տարածքներ ոռոգելի կդարձնեն»։  

Կապսի ջրամբարի նախագծման փուլում իրականացված հետազոտությունների արդյունքներով Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրի լանջի կայունությունը գնահատվել է ռիսկային  և այդ պատճառով որոշում է կայացվել բնակավայրն ամբողջությամբ տեղափոխել։ Նոր կառուցվող գյուղը կտարբերվի Հայաստանի մնացած գյուղական բնակավայրերից:

Վերաբնակեցման ծրագրի արժեքը կազմում է 4,95մլրդ դրամ։ Շինարարությունը ըստ նախագծի կսկսվի 2024 թվականին և կավարտի երկուսուկես տարում։

Մանրամասները՝ տեսանյութում։