Այսօր մեկնարկեց «Երևան Օփեն» մարմնամարզության առաջին մրցաշարը
Աջակցիր «Ա1+»-ինԱլբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում այսօր մեկնարկեց սպորտային մարմնամարզության (տղամարդիկ) միջազգային մրցաշար՝ «Երևան Օփեն-2023»-ը:
«Մենք առաջին անգամ ենք անցկացնում «Երևան Օփեն» մրցաշարը։ Ուշ ենք իմացել մրցումների անցկացման մասին, ուստի հրավիրել ենք մեզ հետ լավ կապեր ունեցող երկրների մարզիկներին։ Դրանք են Բելառուսը, Լեհաստանը, Ուզբեկստանը, Վրաստանն ու Քաթարը։ Ավաղ, վերջին երկու երկրները վերջին պահին հրաժարվեցին մասնակցությունից», - ասաց Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, որը «Երևան Օփեն»-ի գլխավոր մրցավարն է։
Նշենք, որ մրցաշարին մասնակցում են երիտասարդ և պատանի 20 մարմնամարզիկ։ Արտասահմանյան բոլոր երեք երկրները ներկայացել են երեքական մարզիկով՝ թիմային հաշվարկի համար։ Հայաստանը հանդես կգա երեք թիմով, սակայն մրցանակակիր կարող է դառնալ միայն մեկը։
Հակոբ Սերոբյանը նաև նշեց, որ սա առաջին թեսթային մրցաշարն է 2027թ Եվրոպայի առաջնությունից առաջ, որը կայանալու է Երևանում։
Ի դեպ, Հայաստանի հավաքականի առաջատար մարմնամարզիկները մրցաշարում իրենց ուժերը կփորձեն մրցավարությունում։ Մասնավորապես՝ աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը ընդգրկված է հենացատկի մրցվարական խմբում, Հարություն Մերդինյանը՝ նժույգթափերում։