Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ադրենալինոտ հաճույքներ Լոռիում (տեսանյութ)

Նեպալցիները ռաֆթինգում, ինչպես բրազիլացիները ֆուտբոլում. այսուհետ Լոռին նեպալցի պրոֆեսիոնալ հրահանգիչներ ունի: Աշխարհի գագաթի արագընթաց գետերի փոխարեն Արունն ու ընկերները կսանձեն գիժ Դեբեդի ալիքները:

Արուն Թափալիան

«Դեբեդի կիրճն աննկարագրելի գեղեցկություն ունի, իսկ Դեբեդի յուրահատկությունն այն է, որ այն տարբեր մասերում տարբեր բարդություն ունի եւ նավարկելի է 5 տարեկանից մինչեւ 70 տարեկանների համար», – ասում է ռաֆթինգի հրահանգիչ Արուն Թափալիան։

Լոռիում ադրենալինի և էքստրիմի սեզոնի բացումն ազդարարված է: Rafting Republic-ը վերակազմավորումից հետո նոր մեկնարկային կետից, նոր ծրագրերով պաշտոնապես հայտարարում է Լոռիում ռաֆթինգային սեզոնի բացումը:

Վազգեն Խաչիկյանը

«Մենք ծրագրում ենք ունենալ երկու մեկնարկային կետ և երկու ավարտական կետ, ինչպես նաև մեր ռաֆթինգն ընդգրկելու է Դեբեդի գրեթե ողջ այն մասը, որը հոսում է Հայաստանի հանրապետության հատվածով։ Հիմա մենք մոտիկ ենք Դեբեդի այն միացման տեղին, որտեղ Փամբակ-Ձորագետն է միանում։ Սա մեր առաջին ռաֆթինգային կետն է մեկնարկային, վերջում մենք կգնանք նաև մեր եզրագծային մասը։ Եվ որոշել ենք, որ մայիսը լավագույն ամիսն է ռաֆթինգի համար, անենք բացում։ Իհարկե շատ միջոցառումներ կունենանք, և սա մեր քաղաքականության մեջ է, որ ակտիվ կենսակերպը, ռաֆթինգը, տուրիզմը և մեր տարածաշրջանի զարգացումը մենք զուգակցենք իրար», – ասում է Rafting Republic ընկերության համահիմնադիր Վազգեն Խաչիկյանը։

Ռաֆթինգային այս սեզոնին նոր ենթակառուցվածքներ ունի Լոռին․ բացօթյա ռեստորան, շուտով փոքր հյուրատներ կլինեն, մի խոսքով՝ ծրագրերը շատ են, բայց նախ եւ առաջ ռաֆթինգային ընկերությունը պատրաստվում է Դեբեդը մաքրել աղբից:

Կարեն Բեկչյանը

«Պատրաստվում ենք մաքրել գետն այն աղբից, որի մի մասը նաեւ շինարարական է եւ կարող է վնասել հյուրերին։ Ցավոք, գետը վարարումների ժամանակ աղբ է բերում ու ցավոք այդ աղբի ֆիլտրի դերը առափնյա գետերն են կատարում, պարբերաբար մաքրելու ենք աղբը», – ասում է Rafting Republic ընկերության համահիմնադիր Կարեն Բեկչյանը։

Լոռիում, տուրիզմով պայմանավորված, ենթակառուցվածքներն ավելանում են, աշխատատեղերը, թեկուզեւ ժամանակավոր, նույնպես։

Հովհաննես Ավետիսյանը

«Նմանատիպ ցանկացած ձեռնարկում մեզ համար շատ կարևոր է։ Եվ մեր ունեցած հնարավորությունների և լիազորությունների շրջանակներում մենք միմիայն աջակցում ենք նման ձեռնարկումները», – ասում է Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը։

Հայաստանում ռաֆթինգն ավելի շատ զարգանում է որպես տուրիստական պրոդուկտ, սակայն որպես մարզաձեւ եւս այն հետաքրքիր է հատկապես հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

Սեդրակ Զաքարյանը

«Հաշմանդամային սպորտը, ռաֆթինգն ա ավելի շատ զարգացած։ Աշխատում ենք մոտ հինգ մանկատների հետ Երևանում։ հուսով եմ՝ ավելի շատ կզարգանա, ու մենք ողջունում ենք նմանատիպ իրադարձությունները, երբ մարդիկ փորձում են զարգացնեն՝ կապ չունի՝ դա կլինի տուրիզմ, թե սպորտաձև, մեկը մյուսի հետ սերտ կապակցված են», – ասում է Ռաֆթինգի հայկական ֆեդերացիայի նախագահ Սեդրակ Զաքարյանը։

Հայաստանում առայժմ միայն Դեբեդն է դիտարկվում որպես ռաֆթինգային գետ, իսկ ռաֆթինգը մեր երկրում նոր, բայց արագ զարգացող էքստերմալ մարզաձեւերից է:

Մանրամասն՝ «Անկյուն +3» ՀԸ տեսանյութում