Բացել լրահոսը Փակել լրահոսը
145
A A
Սպորտ

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի». հակամարտություն մեկ տարի անց, կրկին չեմպիոնների լիգայում

Ֆուտբոլի եվրոպական միության՝ ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում այսօր կմեկնարկի կիսաեզրափակիչ փուլը: Եզրափակիչ մտնելու համար առաջինը պայքարը կսկսեն Մադրիդի «Ռեալը» և «Մանչեսթեր Սիթին»:

 

Մեկ տարի առաջ այս թիմերն արդեն հանդիպել են նույն մրցաշարի նույն փուլում: Այն ժամանակ Անգլիայում կայացած առաջին խաղում դաշտի տերերը հաղթել էին 4:3 հաշվով, իսկ ահա Իսպանիայում «Ռեալը» ռևանշի է հասել՝ 3:1, չնայած խաղի մինչև 90-րդ րոպեն պարտվում էր 0:1 հաշվով: Ռոդրիգոն երկու րոպեում երկու անգամ գրավում է մրցակցի դարպասը և խաղը տեղափոխում լրացուցիչ ժամանակ, իսկ 95-րդ րոպեին Բենզեման 11մ հարվածով խփում է վճռորոշ գոլը:

 

Ընթացիկ մրցաշարում թիմերը նույնպես արդյունավետ խաղ են ցուցադրում: Քառորդ եզրափակիչում «Ռեալը» 4 անպատասխան գոլ է խփել Լոնդոնի «Չելսիին», իսկ «Մանչեսթեր Սիթին» նույնքան անգամ գրավել է հզոր Մյունխենի «Բավարիայի» դարպասը: Մինչ այդ մադրիդցիները 6:1 ընդհանուր հաշվով հաղթել էին անգլիական «Լիվերպուլին», իսկ մանչեսթրցիները ջախջախել էին գերմանական «Լայպցիգին»՝ 8:1:

 

«Ռեալին» այս խաղում հույս է տալիս այն հանգամանքը, որ «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս զգույշ է խաղում և առայժմ հաղթանակ չի տոնել փլեյ-օֆֆում: Սակայն, անգլիական թիմն այս տարի շատ անողոք են վերաբերվում իր հյուրերի նկատմամբ՝ 15 հաղթանակ 15 խաղում, 52 խփած և 7 բաց թողած գոլ:

 

Ինչպես նշում են մասնագետները, մադրիդցիների համար գլխավոր խնդիրը լինելու է «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվող Հալանդի չեզոքացման հարցը: Սակայն, «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, որ այդ խաղում իրենք պետք է չեզոքացնեն ոչ թե մեկ, այլ 11 ֆուտբոլիստ:

 

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ իրենք ամենևին չեն մտածում անցած տարի կրած ցավալի պարտության դիմաց «վենդետայի» հասնելու մասին, պարզապես ցանկանում են ավելի բարելավել արդյունքները նախորդ մրցաշրջանի համեմատ: Սակայն, իսպանացի մարզչին պետք է մտահոգի այն փաստը, որ եթե ինքն այս անգամ էլ զիջի «Ռեալին», ապա կդառնա առաջին մասնագետը, որը 7-րդ անգամ անհաջողության կմատնվի չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում:

 

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կսկսի ժամը 23-00-ին: Այն կարող եք դիտել նաև մեր կայքում: