Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+chess (1)
A A
Սպորտ

Սամուել Սևյանը և Հայկ Մարտիրոսյանը մնացին անպարտելի. «Ջերմուկ-2023» շախմատի մրցաշար

Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված «Ջերմուկ-2023» շախմատի միջազգային մրցաշարում այսօր կայացավ 6-րդ տուրը:

Կենտրոնական պարտիայում հանդիպեցին Սամուել Սևյանը և Հայկ Մարտիրոսյանը, որոնք դեռևս պարտություն չեն կրել մրցաշարում: Զարմանալի չէ, որ արդեն 20-րդ քայլին կողմերը ոչ-ոքի խաղացին և մնացին անպարտելի: Սակայն, Սամուել Սևյանը վաստակելով 4,5 միավոր, շարունակում է գլխավորել աղյուսակը, իսկ ահա Հայկ Մարտիրոսյանն 3 միավորով առայժմ բաժանում է 4-7-րդ տեղերը:

Մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական բարձրացավ ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևը, որը հաղթեց հնդիկ Նարայանանին և վաստակեց 4 միավոր: Նրանից կես միավոր քիչ ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, որն այս տուրում սևերով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոյի հետ:

Վաղը կկայանան 7-րդ տուրի պարտիաները: Սամուել Սևյանը կհանդիպի գերմանացի Ֆրեդերիկ Սվանեի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կխաղա Նարայանանի հետ, իսկ Հայկ Մարտիրոսյանի հաջորդ մրցակիցը կլինի ետնապահ Արթուր Դավթյանը: