Առաջիկայում չեն լինի կրկնվող գծեր ու «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ․ քաղաքապետարան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Փոսերը պետք է քանդվեն և տեղում փոսալցվեն: Եթե գործարան ունենալու պահանջը կարող է խտրական դիտվել, ապա պետք է պահանջ դնենք, որ փոսալցման աշխատանքները տեղի ունենան՝ քանդում և փոսալցում նույն օրը սկզբունքով: Հետևապես մրցույթին կմասնակցեն այն ընկերությունները, որոնք ունեն համապատասխան հնարավորություններ:
Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։

Նորք Մարաշ վարչական շրջանը Սարալանջի փողոցին կապող այլընտրանքային ճանապարհի շինարարական աշխատանքների համար հայտարարված մրցույթը չի կայացել՝ մասնակիցների բացակայության պատճառով: Հանձնարարվել է ճանապարհաշինական ընկերություններին ևս մեկ անգամ իրազեկել շինարարության մրցույթի մասին՝ ակնկալելով ակտիվ մասնակցություն:

Ընթացքում է Երևանի թիվ 5 պոլիկլինիկայի հիմնանորոգման ու բակի բարեկարգման և թիվ 12 պոլիկլինիկայի վերանորոգման ծրագիրը: Կառավարության աջակցությամբ էլ նորոգվում են «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնն ու թիվ 8 պոլիկլինիկայի «Կիլիկիա» մասնաճյուղը:
Ավարտական փուլում է Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի հիմնանորոգումը:

Երևանյան լճի ափամերձ հատվածի բարեկարգման շինարարական աշխատանքներից հետո կմեկնարկի տարածքի կանաչապատումը: Արդեն իսկ պատրաստվել է ֆիտոնախագիծ:

Անդրադառնալով ինքնակամների օրինականացման համար քաղաքապետարան մուտքագրված ժամկետանց դիմումներին՝ նշվել է, որ 3212 գրությունից 128 գործի արդեն պատասխանվել է:

Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի, 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի վերաբերյալ նշվել է, որ որոշ քաղաքացիներ դժգոհություն են ներկայացրել բնակարանների ձեռքբերման, ինչպես նաև 1քմ հաշվարկով արված գնառաջարկից: 18-30քմ հանրակացարանային սենյակների փոխարեն համայնքն առաջարկում է մի քանի անգամ ավելի մեծ բնակարաններ գնելու հանրավորություն՝ 1 քմ 402 հազար դրամով:

Շինարարական աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերը բացառելու նպատակով համայնքը ներդնում է նոր համակարգ . շինարարական աշխատանքների ավարտական ակտերը կտրամադրվեն միայն շինարարական աղբի՝ համապատասխան աղբավայր տեղափոխումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում: Արդեն իսկ մշակվել է հատուկ կտրոն: Կներդրվեն նաև վերահսկողության նոր մեխանիզմներ՝ կեղծումները բացառելու նպատակով:

Նոր ներկրված ավտոբուսներն աստիճանաբար դուրս են գալիս երթուղիներ: Առաջիկայում չեն լինի կրկնվող գծեր ու «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներ, կբարձրանա ուղևորափոխադրման արդյունավետությունը, ինչն էապես կբարելավի հասարակական տրանսպորտի վիճակը:
Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում ավարտվում են գծանշման աշխատանքները՝ բացառությամբ այն փողոցների, որտեղ շինարարական աշխատանքներ են նախատեսված: Քաղաքն ամբողջությամբ կգծանշվի առաջիկա մեկ-մեկուկես ամսվա ընթացքում: Երկրորդ փուլով գծանշում կարվի արդեն աշնանը: