Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տարոն Մարգարյան ԱԺ
A A
Հասարակություն

 Նախկին քաղաքապետի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Երեւանի նախկին քաղաքապետ, ԱԺ  պատգամավոր Տարոն Մարգարյանի եւ մյուսների գործը  Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանն  ընդդատության կարգով ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան։

  «Թիվ ԵԴ/0100/01/22 քրեական գործով նախնական դատալսումների ընթացքում պարզվեց, որ քրեական վարույթն ընդդատյա է ՀՀ հակակոռուպցիոն դատարանին, քանի որ մեղադրյալներին առաջադրված են մեղադրանքներ, որոնք ընդգրկված են ՀՀ քրեական օրենսգրքի N 1 հավելվածում:

 Գտնում եմ, որ նշված քրեական վարույթը պետք է ըստ ընդդատության ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ինչ վերաբերում է բարձրացված այն հարցին, որ նախորդ դատարանի կազմով սույն քրեական գործով արդեն իսկ անցում է կատարված եղել դատաքննության փուլ և այդ պատճառով քրեական գործի քննությունը պետք է շարունակվի ընդհատված կետից՝ նույն դատարանի մեկ այլ դատավորի նախագահությամբ, Դատարանն արձանագրում է, որ քրեական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածով սահմանված դատարանի կազմի անփոփոխելիության դատական վարույթի սկզբունքն արգելում է դատարանի կազմի փոփոխության դեպքում վարույթն ընդհատված տեղից շարունակելը, բացառությամբ պահեստային դատավորի առկայության դեպքերի, մինչդեռ, այս քրեական գործով պահեստային դատավոր նշանակված չի եղել:

Ավելին՝ քրեական դատավարության օրենսգրքի 268-րդ հոդվածը պահանջում է, որ գործով նախագահող դատավորն անմիջականորեն պետք է հետազոտի քրեական գործում առկա ապացույցները և վարութային այլ նյութերը, ուստի, նման պայմաններում վարույթի շարունակելն անթույլատրելի է և կհանգեցնի օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության հիմնարար կանոնի խախտման»,- իր որոշման մեջ գրել է դատավորը:

   Երևանի նախկին քաղաքապետ, Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ։

 Նույն մեղադրանքը առաջադրվել է նաեւ  Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին։ Գործով բացի Տարոն Մարգարյանից եւ Արման Սահակյանից, անցնում են նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Անդրանիկ Քասարյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն ԱմյանըԵրևանի քաղաքապետարանի աշխատակից Հայկ Կյուրեղյանը, քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ում պաշտոնավարած Արամ Ենգոյանը, Տիգրան Փոթիկյանը, Միքայել Հակոբյանը եւ Հայկ Պետրոսյանը։

 Գործը դատարան էր մուտքագրվել 2022 թ․ հունվարին։  Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը  7 դատական նիստերի անցկացումից հետո նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։