Դաշտի տերերի առավելությամբ, բացի մեկից. չեմպիոնների լիգա
Աջակցիր «Ա1+»-ին
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում կայացան քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Դրանք հիմնականում անցան դաշտի տերերի առավելությամբ:
Նախ «Մանչեսթեր Սիթին» իր հարկի տակ 3:0 հաշվով ջախջախեց հզոր Մյունխենի «Բավարիային»: Մանչեսթրցիները սեփական դաշտում արդեն չեն պարտվում 25 անընդմեջ խաղերում: Դա անգլիական ակումբների նոր ռեկորդ է եվրոգավաթներում: «Բավարիան» 2015 թվականից հետո առաջին խոշոր հաշվով պարտությունը կրեց փլեյ-օֆֆում:
Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» իր երկրպագուների աջակցությամբ 2:0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»: Մադրիդցիների ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման 90-րդ գոլը խփեց լիգայում և այժմ ընդամենը մեկ գնդակով է ետ մնում ռմբարկուների աղյուսակում 3-րդ տեղը զբաղեցնող Ռոբերտ Լևանդովսկուց: «Ռեալը» մրցաշարում անցկացրած 67 տնային խաղերում միայն մեկում չի կարողացել գրավել մրցակցի դարպասը:
Տնային երրորդ հաղթանակը տոնեց «Միլանը», որը նվազագույն հաշվով առավելության հասավ «Նապոլիի» նկատմամբ: Միլանցիները 5-րդ խաղն անընդմեջ անառիկ պահեցին սեփական դարպասը, ընդ որում դրանցից չորսում նրանք հաղթանակ են տարել: «Նապոլին» եվրոգավաթներում անցկացրած վերջին 18 խաղերում երկրորդ անգամ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը:
Միակ թիմը, որը հաղթեց մրցակցի հարկի տակ, դա Միլանի «Ինտերն» է, որի կազմում հանդես է գալիս մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Իտալական ակումբը Լիսաբոնում 2:0 հաշվով հաղթել է տեղի «Բենֆիկային»: «Ինտերն» առաջին անգամ գոլ խփեց Պորտուգալիայում անցկացրած վերջին 6 հանդիպումներում: «Բենֆիկան», հակառակը, առաջին անգամ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը եվրոգավաթային վերջին 18 խաղերում:
Քառորդ եզրափակիչ պատասխան խաղերը կկայանան ապրիլի 18-ին և 19-ին: