Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 11.04.
A A
Սպորտ

«Ինտերին» փորձություն է սպասվում Լիսաբոնում, «Բավարիային»՝ Մանչեսթերում. ՉԼ

Այսօր կկայանան ՈՒԵՖԱ չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները:

Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, Լիսաբոնում կմրցի տեղի «Բենֆիկայի» հետ: Դաշտի տերերը չնայած տնային վերջին խաղում պարտվել են «Պորտուին»՝ 1:2, սակայն գտնվում են լավ մարզավիճակում, քանի որ մինչ այդ նրանք տարել են 8 անընդմեջ հաղթանակ: Բացի այդ, «Բանֆիկան» չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ամենարդյունավետ թիմերից մեկն է՝ 23 գոլ: 

«Ինտերը», հակառակը, բավական վատ է հանդես գալիս վերջին մեկ ամսում: Անցկացրած 6 խաղում միլանյան ակումբը կրել է 3 պարտություն, իսկ մնացած հանդիպումներն ավարտվել  են ոչ-ոքի: Ընթացիկ խաղարկությունում «Ինտերը» 8 խաղում խփել է ընդամենը 11 գոլ, ինչն ամենացածր արդյունավետությունն է քառորդ եզրափակիչ փուլի մասնակիցների մեջ:

«Բենֆիկան» նախկինում երբեք չի կարողացել հաղթահարել չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ արգելքը: «Ինտերը» վերջին անգամ այս փուլում հանդես է եկել 12 տարի առաջ: Այն ժամանակ իտալական ակումբը Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ հաղթել է Մոսկվայի ԲԿՄԱ-ին և ի վերջո տիրել գավաթին:

Քառորդ եզրափակիչ երկրորդ խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում կընդունի Մյունխենի «Բավարիային»: Անգլիական ակումբը հաղթել է վերջին 8 խաղերում, այդ թվում չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում սեփական դաշտում 7:0 հաշվով ջախջախել է գերմանական «Լայպցիգին»:

«Բավարիան» վերջին 8 խաղերում տարել է 6 հաղթանակ, իսկ երկուսում պարտություն կրել: Սակայն, գերմանական ակումբը չեմպիոնների լիգայում հաղթել է իր բոլոր մրցակիցներին:

Թիմերը նախկինում հանդիպել են 6 անգամ: Կողմերը տարել են երեքական հաղթանակ: Վերջին երկու խաղերում Մյունխենում տանտերերը հաղթել են՝ 1:0, իսկ Մանչեսթերում դաշտի տերերը առավելության են հասել 3:2 հաշվով: