Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այսօր հնարավոր է խաղալ ցանկացած մրցակցի հետ»

Սպորտ
8ae07d8f60afc4078d5d88dfd573d029

Ֆուտբոլի Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները արդեն երկու անգամ հանդիպել են միմյանց հետ, եւ երկու դեպքում էլ հաղթանակ է տոնել մեր մրցակիցը (3:0, 2:0): Այդ հանդիպումներին մեր թիմի գլխավոր մարզիչն է եղել Սուրեն Բարսեղյանը:

Մարտի 26-ին կայանալիք Հայաստան - Ռուսաստան հանդիպման նախօրեին անվանի մասնագետը ասաց, որ այսօր մեր թիմը հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություն ունի, քան նախկինում էր:

«Մի առիթով ես արդեն ասել եմ, որ Հայաստանի հավաքականի խաղամակարդակը աստիճանաբար մոտենում է միջազգային չափանիշներին, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած մրցակցի հետ խաղալ ազատ, առանց երկչոտության» - «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրուցելիս նշեց նա:

Սակայն Սուրեն Բարսեղյանը գտնում է, որ այսօրվանից հարկավոր է մտածել հավաքականի պահեստային «նստարանը» երկարացնելու մասին. «Դա կախված է մեր առաջնությունում թիմերի քանակն ավելացնելու, մարզերում ֆուտբոլը զարգացնելու հետ»:

Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը չցանկացավ որեւէ գուշակություն անել. «Այդ խաղում հնարավոր է գրանցվի ցանկացած արդյունք, որովհետեւ մեր ընտրանու խաղում չկա նախկին երկչոտությունը: Միակ մտավախությունս այն է, թե այսօր ինչ մարզավիճակում են գտնվում մեր ֆուտբոլիստները: Բոլոր դեպքերում հաջողություն եմ մաղթում հավաքականին, որպեսզի այն կարողանա լուծել այս առաջնությունում իր առջեւ դրված բարձր խնդիրը»: