Բացել լրահոսը Փակել լրահոսը
16807027093197
A A
Պաշտոնական

Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

Ապրիլի 5-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով խորվաթ խորհրդարանականների այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջխորհրդարանական ակտիվ շփումների դերը հայ-խորվաթական հարաբերությունների զարգացման հարցում։ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում բարեկամական խմբի դիրքորոշումը և այդ հարցերի բարձրաձայնումն ինչպես Խորվաթիայի խորհրդարանում, այնպես էլ միջազգային միջխորհրդարանական հարթակներում։

Զրուցակիցները քննարկել են հայ-խորվաթական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ խորհրդարանական համագործակցության համատեքստում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի: Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների արդյունքում տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև 2022թ․ դեկտեմբերից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի մանրամասները: Ընդգծվել է  Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կարևորությունը, համաձայն որի, ի թիվս այլոց, Ադրբեջանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով: