Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանը ցավալի պարտություն կրեց Եվրո-2024-ի մեկնարկային խաղում (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն անհաջող սկսեց Եվրո-2024-ի ընտրական մրցաշարը: Մեկնարկային խաղում մեր ընտրանին սեփական խաղադաշտում զիջեց Թուրքիայի թիմին:

Խաղը բավական հաջող սկսվեց մեր հավաքականի համար: 10-րդ րոպեին մերոնք արագ հակագրոհ կազմակերպեցին աջ եզրով, Տիգրան Բարսեղյանը ազատ գոտի դուրս բերեց Կամո Հովհանիսյանին, որը սուր փոխանցում կատարեց: Լուկաս Սելարայանը փորձեց եզրափակել այն, սակայն մինչ այդ թուրք պաշտպանն ակամայից գրավեց սեփական դարպասը: Քառորդ ժամ հետո Հայաստանի հավաքականը նման գրոհ ձեռնարկեց, բայց այս անգամ Սելարայանը չհասցրեց եզրափակել Տիգրան Բարսեղյանի կատարած սուր փոխանցումը:

Թուրքիայի հավաքականը, որն ավելի շատ էր տիրում գնդակին, բայց չէր կարողանում սուր գրոհներ կազմակերպել, քանի որ վստահ էին գործում մեր պաշտպանները, առաջին սպառնալից պահը ստեղծեց 27-րդ րոպեին, երբ անկյունայինից հետո թուրք ֆուտբոլիստը գլխով վտանգավոր հարված կատարեց, սակայն մեր դարպասապահ Արսեն Բեգլարյանը որսաց գնդակն ուղիղ դիմային գծի վրա։ Ավաղ, ութ րոպե անց նա չկարողացավ չեզոքացնել հերթական սպառնալիքը, երբ Թուրքիայի կաիսապաշտպան Օրկուն Կյոկչյուն ձերբազատվեց իրեն հսկող պաշտպանից և մոտ 20 մետրից հաշվենկատ հարվածով գրավեց դարպասի հեռավոր անկյունը։

Հայաստանի հավաքականն անգամ գոլ բաց թողելուց հետո փորձում էր արագ հակագրոհներ ձեռնարկել, սակայն մրցակիցը սկսեց կոպիտ խաղալ և ընդամենը 5 րոպեում երեք դեղին քարտ ստացավ:

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեց Թուրիքայի հավաքականը: Մեր թիմը մեծ ուժերով պաշտպանվում էր և դարձյալ փորձում կազմակերպել հակագրոհներ: Սակայն դրանք այնքան էլ վտանգավոր չէին:

54-րդ րոպեին Ալեքսանդր Պետրակովը կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանին ստիպված փոխարինեց կիսապաշտպան Խորեն Բայրամյանով, քանի որ առաջինը թեթևակի վնասվածք էր ստացել: Պաշտպանների պակասությունը զգացնել տվեց 64-րդ րոպեին, երբ թուրք ֆուտբոլիստներն դաշտի կենտրոնում խլեցին գնդակը և երկար փոխանցումով դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս բերեցին հարձակվող Կերեմ Ակթյուրկօղլուին: Վերջինս դիպուկ հարվածեց և ոչ մի շանս չթողեց Արսեն Բեգլարյանին:

Մեր ֆուտբոլիստներն որոշ ժամանակ կորցրին խաղի թելը, սակայն հետո վերագտան այն և նորից սկսեցին սպառնալ մրցակցի դարպասին: 70-րդ րոպեին Վարազդատ Հարոյանի գլխով կատարած հարվածը քիչ շեղ ստացվեց, իսկ 73-ին Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մոտիկից կատարած շրջադարձ հարվածը ետ մղեց հյուրերի դարպասապահը:

75-րդ րոպեին Ալեքսանդր Պետրակովը միամգամից երկու հարձակվող մտցրեց՝ Սարգիս Ադամյանին ու Վահան Բիչախչյանին։ Ավաղ, նրանց չհաջողվեց նոր թափ հաղորդել գրոհներին: Թուրքիայի հավաքականին հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի մարտի 28-ին: Այդ օրը մեր թիմը սեփական խաղադաշտում ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի հետ: