Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+minasyan
A A
Սպորտ

Հայկական ներդրումներ վրացական ֆուտբոլում. Վարդան Մինասյանը՝ գլխավոր մարզիչ

«Թելավիում» աղմկոտ լուրեր են: Թիմը մարզելու է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ակումբում լուրջ ներդրում է արվելու... Մի խոսքով, ծրագրերը մեծ են: Ապագան ամեն ինչ ցույց կտա, բայց իրավիճակն այսպիսին է. Ազգային լիգայում 5 տուրից հետո «Թելավին» 5 միավորով 7-րդ տեղում է...», - այդ մասին գրում է վրացական «Լելո» օրաթերթը:

«Թելավիից» անսպասելի հեռացել է գլխավոր մարզիչ Գիա Ցեցաձեն։ Նրա հեռանալը շատերին զարմացրել է, քանի որ թիմը վերջին երկու հանդիպումներում 4 միավոր էր վաստակել, այդ թվում Թբիլիսիում ոչ-ոքի էր խաղացել տեղի «Դինամոյի» հետ՝ 2:2:

Պետք է ենթադրել, որ «Թելավիի» նոր ներդրողներն ուղղակիորեն պահանջել են ամբողջովին փոխել մարզչական շտաբը և հնարավորություն տալ հայ ֆուտբոլային մասնագետներին։ Սկզբունքորեն զարմանալի բան չկա՝ ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում։

Իսկ ովքե՞ր են նոր ներդրողները: Նրանք հայեր են, որոնք մեծ կապեր ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում և ամբողջ ամերիկյան մայրցամաքում։

Վարդան Մինասյանը 49 տարեկան է. Ծնվել է 1974 թվականի հունվարի 4-ին Երևանում։ Ակտիվ ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկում» և Հայաստանի ազգային հավաքականում։ Մարզչական կարիերան սկսել է 2003 թվականին և գլխավորել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը։ Դրանից հետո նա գլխավորել է Հայաստանի ազգային թիմը, «Փյունիկը» (երկու տարբեր ժամանակաշրջաններում), ինչպես նաև ղազախական «Տոբոլը», Հայաստանի «Արարատ-Արմենիան» և ղազախական «Տարազը»։

Մինասյանը հինգ անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն (2008, 2009, 2010, 2018-2019, 2019-2020թթ), երկու անգամ նվաճել է Հայաստանի գավաթը (2009, 2010), երեք անգամ (2010/2011, 2011/2012, 2019)՝ Սուպերգավաթը:

Վարդան Մինասյանը նաև օգնականներ է ընտրել. Նրա առաջին օգնականը կլինի հայ մասնագետ Արտակ Օսեյանը, իսկ ֆիզիկական պատրաստվածությունով կզբաղվի Արթուր Մկրտչյանը։

Վարդան Մինասյանի նորամուտը «Թելավիի» գլխավոր մարզչի պաշտոնում կկայանա ապրիլի 1-ին, երբ Ազգային լիգայի 6-րդ տուրում հյուրի կարգավիճակով կհանդիպի Քութայիսիի «Տորպեդոյի» հետ: Հասկանալի է, որ Մինասյանին առաջին տուրում լուրջ փորձություն է սպասվում», - գրում է թերթը: