Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 20-ը մարտի. Հայաստանի ԱԳՆ-ն եւ Ռուսաստանի դեսպանատունը համաձայնագիր ստորագրեցին (տեսանյութ)

1998-ի մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանի շտաբի մամուլի քարտուղար Աղվան Վարդանյանը գոհ է նախագահի ընտրությունների որակից, իսկ ով դա չի գիտակցում, հարվածում է Հայաստանի վարկին։ Պարոն Վարդանյանն ասում է, որ իրենք խախտումներ էլ են հայտնաբերել, որոնցով կզբաղվի դատախազությունը։

Նույն օրը ՀՀՇ-ն քննարկում է՝ պե՞տք է կուսակցությունը հեռվից ղեկավարի Հայաստանից հարկադրաբար հեռացած Վանո Սիրադեղյանը։ Վարչության 14 անդամներ Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ հրաժարվում են շարունակել իրենց մասնակցությունը վարչության կազմում։

2001-ի այս օրը Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորները Կենտրոնական բանկի նախագահից հետաքրքրվում են, թե Հայաստանի 1 միլիարդ դոլարի պարտքը որքանո՞վ է վտանգում Հայաստանի անկախությունը։ Տիգրան Սարգսյանն առայժմ վտանգ չի տեսնում։

Նույն օրը «Միասնություն» դաշինքի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը հանդես է գալիս դաշինքից դուրս գալու դիմումով։ Ըստ նրա, դաշինքն այլեւս միասնական չէ եւ չի կատարում Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ղեկավարությամբ ստանձնած պարտավորությունները։

2001-ի մարտի 20-ը այն օրն է, երբ Հայաստանի արտգործնախարարությունը եւ Ռուսաստանի դեսպանատունը համաձայնագիր ստորագրեցին, որով Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինվորներին թույլատրվում է զենք կիրառել ռազմաբազայի տարածքից դուրս։ Դեսպան Անատոլի Դրյուկովը լրագրողներին ասում է, որ անթույլատրելի է զենքի կիրառումը, բայց եթե անհրաժեշտ է, ուրիշ տարբերակ չկա։

2002-ի այս օրը հոկտեմբերի 27-ի գլխավոր մեղադրյալ Նաիրի Հունանյանը նամակով դիմում է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ մի խանգարեք արդարադատության իրականացմանը։ Ըստ Հունանյանի, վարչապետի միջամտությամբ է ձգձգվում դատավարությունը։ Հունանյանը տեղեկացնում է նաեւ, որ եթե իրեն որեւէ բան պատահի, դա պատահականություն չի լինի։

Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը դժգոհում է, որ որոշ ուժեր վիժեցնում են իր աշխատանքը քաղաքը ճարտարապետական չափանիշների բերելու ճանապարհին։ Ըստ նրա՝ ճնշումը մեծ է, սակայն չի ասում, թե ովքեր են ճնշողները։

2008-ի այս օրը Երեւանում դադարեց գործել ԱՐՏԱԿԱՐԳ դրության իրավական ռեժիմը, որը 20 օր առաջ մարտի 1-ի սպանություններից հետո հայտարարել էր նախագահի պաշտոնից հեռացող Ռոբերտ Քոչարյանը։ Արտակարգ դրության օրերին անօրինական գրաքննության պատճառով թերթերի մի մասը հրաժարվեց տպագրվել, մյուս մասն էլ հրատարակվում էր միայն պաշտոնական գրաքննությունն անցած նյութերով։