Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց, 19-ը մարտի․ Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սերժ Սարգսյանի (տեսանյութ)

98-ի մարտի 19-ին Գառնու տաճարում մի խումբ հեթանոս արորդիներ նշում էին 9580 թվականի մուտքը հին հայկական տոմարով։

Նախագահի ընտրություններից հետո թեկնածու Դավիթ Շահնազարյանը ԿԸՀ ընտրացուցակներում 60 հազար անճշտություն է հայտնաբերել։ Պարոն Շահնազարյանն ասում է, որ այդքան անճշտությունը բավարար է՝ նախագահի ընտրությունների առաջին փուլը Սահմանադրական դատարանում վիճարկելու համար։

Վարչապետ Ռոբերտ Քոչարյանը նախագահի ընտրությունների առաջին փուլից հետո հայտարարում է, որ ընտրությունների ժամանակ եղել են բազմաթիվ խախտումներ բոլոր թեկնածուների կողմնակիցների մասնակցությամբ։ Ինքը դրանց կարիքը չուներ, մինչդեռ իր կողմնակիցներն իրեն արջի ծառայություն են մատուցել։

1999-ի մարտի 19-ին Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը կասեցնում է ՀՀՇ վարչության անդամի պարտականությունները, քանի դեռ քրեական հետապնդման պատճառով Հայաստանից հեռացած Վանո Սիրադեղյանը չի վերադարձել։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար մարտի 19-ին ձեւավորվում է «Իրավունք եւ միաբանություն» նախընտրական դաշինքը, որը ղեկավարում է Արտաշես Գեղամյանը։ Դաշինքի մեջ են մտնում «Սահմանադրական իրավունքը» եւ «Ազգային միաբանությունը»։

Այս նույն օրը Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում լսվում էր Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի։ Մինչ այդ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Փաշինյանի խմբագրած «Օրագիր» օրաթերթի բոլոր նյութերը հերյուրանքներ են։ Ոստիկանության ներկայացուցիչը վստահեցնում էր, որ Սարգսյանը նկատի է ունեցել միայն ոստիկանությանը վերաբերող նյութերը։

Հոկտեմբերի 27-ի գործով որոշ ժամանակ Ազգային անվտանգության մեկուսարանում անցկացրած Ազատամարտի վետերանների միության նախագահ Միհրան Մովսիսյանը զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին պատասխանատվության կանչելու դիմում էր գրել դատախազություն, որ իրեն ձերբակալել եւ հարցաքննել են մեկուսարան հրավիրելով բոլորովին այլ պատճառաբանությամբ։ Դատախազությունը 2001-ի մարտի 19-ին պատասխանում է՝ նման բան չի եղել։

2002-ի այս օրը Հայաստանի Ազգային Ժողովը որոշում է առայժմ չվավերացնել Մարդու իրավունքների եւ ազատությունների կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը, որով պարտավորվում է վերացնել մահապատիժը, քանի դեռ օրենքում ցմահ ազատազրկում կետը չկա։ Ի դեպ, նույն կոնվենցիան սարսափեցնում է մեր պատգամավորներից ոմանց, թե դրա կիրառումից հետո Հայաստանում կշատանան աղանդներն ու սեռական փոքրամասնությունները։

2002-ի այս օրը Արմավիրի մարզի Հայանիստ գյուղի բնակիչները բողոքում են, որ գործող ավտոբուսների պարագայում գյուղին մարզկենտրոնի հետ կապող գազելներ են հայտնվել ։ Պահանջն այն է, որ գազելները հանվեն գծից, քանի որ ավտոբուսների վարորդները երբեմն ձրի են սպասարկում անվճարունակներին եւ թույլատրում են բեռներ տեղափոխել։

2004-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանը խոստանում է ավելի ուժեղացնել ուժային կառույցները։ Գործող նախագահը միանգամայն անկեղծ է՝ ուժեղացնում ենք կարգուկանոն հաստատելու համար։ Մոտ 20 օրից սպասվում է ընդդիմության հուժկու հանրահավաքը Սահմանադրական դատարանի առաջարկած վստահության հանրաքվեն անցկացնելու պահանջով։

2007-ի այս օրը Ռոբերտ Քոչարյանը եւ Իրանի նախագահ Ահմադինեժադը պաշտոնապես բացում են Իրան-Հայաստան գազատարի առաջին 40 կիլոմետրանոց հատվածը, որով Հայաստանը Իրանից այս պահի դրությամբ տարեկան կստանա 400 միլիոն խորանարդ մետր գազ։ Իրանի նախագահը նկատում է, որ սա իր եւ բարեգութ Աստծո ծառայությունն է հայ ժողովրդին։

2010-ի այս օրը Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ստիպված է պատասխանել այն հարցին, թե երկիրն ահաբեկող զինված միջադեպերն ու խուլիգանություններն ինչու՞ են կապվում հատկապես Հանրապետական կուսակցության հետ։