Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_757b6b8defd53eed0310415c5f01cb0c_M
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Հայաստանը երբևիցէ չպետք է ճանաչի Արցախը՝ Ադրբեջանի մաս․ Դա կլինի ազգային ողբերգություն․ Դավիթ Բաբայան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը, ըստ որի Հայաստանը Ղարաբաղը պաշտոնապես պետք է ճանաչի Ադրբեջանի մաս․ Որոշ քաղաքագիտական շրջանակներ նշեցին, որ այսպիսով Ադրբեջանը հող է նախապատրաստում Արցախում նոր էսկալյացիայի համար։

Թեմայի շուրջ Ա1+ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ։

 

-Պարոն Բաբայան, Երեկ Ալիևը հայտարարել էր, որ եթե Հայաստանը ցանկանում է հանգիստ ապրել 29000 քառակուսի կմ տարածքում, ապա պետք է ճանաչի ԼՂ-ն Ադրբեջանի մաս։ Որոշ քաղաքագետական շրջանակներ նշում են, որ Ալիևը հող է նախապատրաստում Արցախում նոր էսկալյացիայի համար։ Ինչքանո՞վ  եք նոր էսկալյացիան հնարավոր համարում և արդյո՞ք զինտեխնիկայի և զորքերի կուտակումներ կան։

-Ալիևը երբեք չի հրաժարվել կարգավորման ուժային տարբերակից։ Խնդիրը նրա մեջ է, որ մենք էլ պետք է այնպիսի աշխատանք կատարենք, որ դա հնարավոր չլինի։ Այս պահի դրությամբ պետք է ճիշտ աշխարհաքաղաքականություն վարել։ Այդ հնարավորությունները կան։

Մնացածը ժամանակը ցույց կտա։ Կուտակումների պահով ՀՀ Պաշտպանության Նախարարությունը և մեր Պաշտպանության Նախարարությունը համապատասխան հայտարարությամբ հանդես են եկել, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը։ Այնուամենայնիվ Ադրբեջանը չի հրաժարվում իր ցեղասպան քաղաքականությունից, ինչը փաստ է։

 

-Ըստ Ձեզ խաղաղության պայմանագրի մեջ Արցախի մասին կետ պե՞տք է լինի, թե ոչ։ Եվ ինչպիսի՞ բովանդակությամբ եք այդ կետը  պատկերացնում։

 

-Այդ երկու հարցերը փոխկապակցված են, բայց, այնուամենայնիվ առանձին խնդիրներ են։ Հայաստանը երբևիցէ չպետք է ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս։ Դա կլինի ազգային ողբերգություն։ Դա կլինի խայտառակություն։ Սրանով մենք ոչ միայն Արցախի մահվան դատավճիռը կստորագրենք, այլև մեր ինքնասպանության։ Մենք այդպես կարդարացնենք նաև Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները, օկուպացիան և կլեգիտիմացնենք նրա ցեղասպան քաղաքականությունը։ Չպետք է նման բան լինի։

 -Ռուս խաղաղապահները մի քանի անգամ թերացել են իրենց պարտականությունների մեջ և դրանց արդյունքում մարդիկ են զոհվել, իսկ հակառակորդը չի պատժվել։ Ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղապահների մեխանիզմը ավելի արդյունավետ դարձնելը։

-Խնդիրը այստեղ ռուս խաղաղապահները չեն։ Եթե ռուս խաղաղապահների տեղը լինեին ֆինլանդացիները, արդյո՞ք  Ադրբեջանը իրեն լավ կպահեր, իսկ միգուցե ավելի ագրեսիվ կպահեր։ Որպեսզի մենք չընկնենք այդ հարցերի շուրջ և Արցախը փորձադաշտ չդարձնենք, մենք պետք է հասկանանք, որ ռուս խաղաղապահները իրականացնում են մեծ աշխատանք։ Եթե ռուս խաղաղապահները չլինեին, ապա վաղուց պատերազմ կլիներ և վաղուց Արցախը չէր լինի։

Խնդիրը այլ հարթությունում պետք է դիտարկել։ Աշխարհը պետք է ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա։ Սա միայն ռուս խաղաղապահների խնդիրը չէ, որովհետև ի դեմս Ադրբեջանի մենք ունենք ահաբեկչական երկիր, որտեղ ցեղասպանությունը պետական ամենաբարձր մակարդակով է իրականացվում։ Հետևաբար նաև աշխարհը պետք է ճնշում գործադրի։

Արդարադատության միջազգային դատարանը որոշում կայացրեց, իսկ ինչու Ադրբեջանը դա չի իրականացնում, ո՞վ է մեղավոր, կրկին ռուս խաղաղապահնե՞րն են մեղավոր։ Այսինքն հարցը խաղաղապահը չէ, հարցը Ադրբեջանն է և նաև շատ լավ կլիներ, որ ռուսները ստանային միջազգային մանդատ և իրավունք ունենային ոչ միայն խաղաղություն պահպանել, այլ նաև պարտադրել։ Այդ ժամանակ նման իրողությունները միգուցե ավելի նվազ կլինեն։

Նույնիսկ ամենաուժեղ երկրները, որոնք ունեն անվտանգության հզոր համակարգ, միևնույն է այնտեղ հանցագործներն իրենց հանցագործությունները անում են։ Հիմա նույնը Ադրբեջանն է։ Դրա համար պետք է միջազգային ճնշում լինի։

-Ինչպե՞ս եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե  ՌԴ խաղաղապահ զորախումբը չի կարողանում իր առջև դրված պարտականությունները կատարել, ապա հենց ՌԴ-ն պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ  ԼՂ-ում բազմազգ խաղաղապահ զորախումբ տեղակայելու համար կամ ՌԴ-ին ՄԱԿ-ի մանդատ տալու համար։

-Ամենալավ տարբերակը այն կլինի, որ ՄԱԿ-ը տրամադրի նման մանդատ։ Բայց, եթե հիմա Ալիևը թքում է Հաագայի միջազգային դատարանի վրա, ապա ո՞վ է մեղավոր։ Շոլցը կանգնում է և ասում է Ադրբեջանը մեր լավագույն էներգետիկ գործընկերն է։ Հիմա ի՞նչ անի Ադրբեջանը։ Տեսնում է, որ իրեն մի շարք երկրներ արդարացնում են և առիթավորվում է։

-Պարոն Բաբայան Շոլցը նաև  ինքնորոշման իրավունքը հավասարեցրել էր տարածքային ամբողջականության իրավունքի հետ։

-Շոլցը ասաց ինքնորոշման իրավունք և մեր ժողովուրդը միամիտ հրճվեց։ Անցավ մի քանի օր և ասաց ճանաչում ենք Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և Ղարաբաղը չենք ճանաչելու։

Հիմա պետք է միամիտ և ապուշ չլինենք։ Գերմանիայի շահերը մեր հետ են ավելի շատ համընկնում, թե՞ Ադրբեջանի։ Ո՞նց եք դա պատկերացնում։ Եթե այնտեղ 8-10 մլն թուրք է ապրում, եթե շատ սերտ հարաբերություններ ունի և այլն։ Մենք չենք ասում, թե թշնամի դառնանք Գերմանիայի հետ, ամենևին։ Ոչ մեկի հետ չեպետք է  թշնամանանք, բայց պետք է իմաստուն և խելացի լինենք։ Հասկանանք, թե ով է ի վիճակի և ով ի վիճակի չէ, ով է շահագրգռված և ով չի շահագրգռված  և ըստ այդմ էլ մեր քաղաքականությունը որոշենք։

-Դուք հնարավորություն տեսնո՞ւմ եք, կամ ցանկանո՞ւմ եք, որ Արցախում տեղակայվեն նաև բազմազգ խաղաղապահ ուժեր

-Իսկ ինչի՞  համար

-Որպեսզի մանդատ ունենան ՄԱԿ-ի կողմից։

-Իսկ հիմա ինչո՞ւ Ռուսաստանին մանդատ չի տալիս։

-Որովհետև Ռուսաստանը աշխարհաքաղաքական լուրջ հակամարտության մեջ է արևմուտքի հետ։

-Հետո ինչ, արևմուտքի հակամարտությունը Ռուսաստանի դեմ  Արցախի հետ ինչ կապ ունի։ Այսինքն, եթե հակամարտության մեջ է, ապա աշխարհաքաղաքական մոտեցումնե՞ր են ցուցաբերում և այդ փոձադաշտը մե՞նք պետք է դառնանք։

Առաջին հերթին պետք է լինել ազգային, հետո կոսմոպոլիտ։ Եթե հակառակը լինի, ապա կործանվելու ենք։ Մեզ պետք չեն էքսպերիմենտներ, մեզ պետք է Արցախը փրկել։ Արևելք, արևմուտք, Ուկրաինա, դա մեր գործը չէ։ Մեր գործը Արցախը փրկելն է։