Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիային ձեռնտու է, որ պատերազմը շարունակվի․ Ռուբեն Սաֆրաստյան

Հարցազրույց Քաղաքականություն
Սաֆրաստյան

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը կարողացել է  ստեղծել համախոհների այնպիսի խումբ, որը, ինչ էլ լինի,  ձայն է տալու,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Այդ ընդհանուր ընտրողների մոտ 30 տոկոսն է,  թուրքագետի բառերով՝  Էրդողանի ոսկե պաշարը։ 

Էրդողանը հայտարարել է, որ առաջադրվելու է Նախագահի առաջիկա ընտրություններում։ Նրա հիմնական մրցակիցը ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու   Քեմալ Քըլըչդարօղլունն է։

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները հունիսի 18-ի փոխարեն տեղի կունենան մեկ ամիս շուտ՝ մայիսի 14-ին։ Վերլուծաբանները գալիք ընտրությունները համարում են Էրդողանի քսանամյա կառավարման ամենադժվար փուլը։

«Ինչ վերաբերվում է ընդդիմությանը, եթե այն լիներ արմատական, մենք կասեինք, որ վստահաբար կարող էր հաղթել Էրդողանին։ Ինքը Քեմալ Քըլըչդարօղլուն հայտնի է նրանով, որ իր անունը երբեք չի կապվել կոռուպցիայի կամ մաֆիայի հետ։ Ինքը մաքուր մարդ է։ Սակայն ունի մեկ թույլ կողմ․ կան պնդումներ, որ նրա մայրը հայ է։ Ինքը փորձում է հերքել, բայց չի կարողացել։ Այդ մասին նույնիսկ գրքեր են գրվել»,- ասում է թուրքագետը՝ նկատի ունենալով «Քըլըչդարօղլուն հայուհի Դուրմուշի որդին է» գիրքը։

 «Բացի այդ շատ կարևոր է լինելու նաև քրդական գործոնը։Հիմնական քրդամետ կուսակցությունը՝ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը, որը մինչև հիմա ոչ մի այլ կուսակցության չի պաշտպանել, ինքը հայտարարել է, որ կարծես թե պաշտպանելու է Քեմալ Քըլըչդարօղլուի թեկնածությունը։ Թուրքիայում 10-15 տոկոս ձայն այդ կուսակցությունը կարողանում է հավաքել»,- շարունակում Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքագետը պատասխանել է «Ա1+»-ի հարցերին։

 Էրդողանը պարբերաբար փորձեր է կատարում հանդիսանալ այն դիվանագիտական միջնորդը, ում միջոցով Ուկրաինան և Ռուսաստանը կբանակցեն։ Նախ ինչ արդյունք է ձեռնտու Թուրքիային այդ պատերազմում և հետո որքանով են այժմ աշխարհաքաղաքական ենթատեքստում Էրդողանի պլանները իրագործվում։

Այո, նա փորձում է միջնորդի դեր ստանձնել, բայց չի կարողանում և չի կարողանալու։ Առաջինը, որովհետև Թուրքիան չի ենթարկվում պատժամիջոցներին, որը արևմուտքն է սահմանել Ռուսաստանի հանդեպ և իր տարածքը բաց է պահում, մյուս կողմից էլ Թուրքիան օգնում է Ուկրաինային։

Հիմա Չինաստանն է փորձում միջնորդի դեր ստանձնել։ ՌԴ-ն համաձայնել է, իսկ Ուկրաինայից դեռևս համաձայնություն չկա։

Իսկ ի՞նչ արդյունք է ձեռնտու Թուրքիային այդ պատերազմում։

Թուրքիային ձեռնտու է, որ պատերազմը շարունակվի, որովհետև դա կթուլացնի առաջին հերթին ՌԴ-ին։ Թուրքիան համարում է, որ Հարավային Կովկասում ինքը պետք է լինի իշխող ուժը, այլ ոչ թե ՌԴ-ն։ Այնպես որ ինչքան երկարի պատերազմը, այնքան Թուրքիայի հույսերը կավելանան, որ ինքը կկարողանա վերցնել Հարավային Կովկասը իր հսկողության տակ։

 Իսկ երկրաշարժը որքանով ազդեց Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքի և ազդեցության վրա տարածաշրջանում։

Ես կարծում եմ՝ բավականաչափ ազդեց, որովհետև այն միջոցները, որոնք մսխում էր Էրդողանը արտաքին քաղաքականության բնագավառում, հիմա ինքը պետք է ուղղի ներքին խնդիրներին։ Կորուստները 100 մլրդ դոլարից ավել է գնահատվում։

Բացի այդ ևս մեկ հանգամանք կա։ Թուրքիան միայնակ չի կարող այդ ավերածությունները և երկրաշարժի հետևանքները վերացնել և մեծ թվով սոցիալական խնդիրներ կան։ Իրեն պետք կլինեն մեծ ներդրումներ դրսից, որը կարող է անել ԱՄՆ-ն։ Ես ենթադրում եմ, որ երբ ամերիկյան կապիտալի ներհոսք կլինի Թուրքիա, դա կնշանակի, որ ամերակացիները հնարավորություն կստանան ավելի վերահսկելու Թուրքիայի արտաքին քաղաքականությունը։

Կան տեսակետներ, որ ամերիկյան ղեկավարությունը հիմա ունի մոտեցում, որ Թուրքիային պետք է օգնել, բայց Էրդողանը հաղթելու դեպքում պետք է իր վճարը կատարի ԱՄՆ-ին ։ Այսինքն Թուրքիայից հաշիվ են պահանջելու։

Ըստ Ձեզ ԱՄՆ-ին ո՞ր թեկնածուի հաղթանակն է ձեռնտու։

Կարծում եմ ամերիկացիները վաղուց իրենց ընտրությունը կատարել են։ Նրանց ձեռնտու է, որ հաղթի Քեմալ Քըլըչդարօղլուն և դառնա նախագահ։

Ընդդիմությունը շատ ավելի կապված է արևմուտքի հետ և եթե այդպես դա լինի և ընդդիմությունը հաղթի, ապա Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ԱՄՆ-ի համար կդառնա ավելի հասկանալի և կառավարելի։

Իսկ թուրքական ընդդիմությունը ինչպիսի՞ վերաբերմունք ունի Հայաստանի նկատմամբ և ինչպիսի հարաբերություններ կլինեն Հայաստանի և Թուրքիայի միջև, եթե ընդդիմությանը հաջողվի հաղթել Էրդողանին։

Ընդդիմության դիրքորոշումները Հայաստանի նկատմամբ, շատ չեն տարբերվում իշխանության դիրքորոշումներից։ Հայաստանի նկատմամբ Թուրքական վերնախավը միակարծիք է՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրել և  ստանալ ինչ իրենց անհրաժեշտ է։ Բայց ես կարծում եմ, որ ընդդիմությունը քիչ ագրեսիվ կլինի, քան Էրդողանն է։ Եվ նաև ԱՄՆ-ի ազդեցությունը եթե ավելանա Թուրքիայի վրա, ապա դա ևս իր արդյունքը կտա։ ԱՄՆ-ի համար կարևոր է, որ թուրք-հայկական հարաբերությունները կարգավորվեն։