Ձերբակալվել է 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության «CՕVID-19»-ի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը:
Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանին հանձնարարվել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդության համար անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, ներառյալ՝ ֆինանսավորման համակարգումը, իսկ ՀՀ ԱՆ թոքաբանության և տուբերկուլոզի գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն նշանակվել է COVID 19 հիվանդությամբ հաստատված պացիենտների տեսակավորման և հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող և դուրսգրման ենթակա պացիենտների տրիաժի (Դուրսգրման տրիաժ խմբերի) պատասխանատու։
Քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված ծրագրի շրջանակում «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն կազմակերպել է նույն ընկերության բժիշկների կողմից պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հիվանդության պատմություններում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելը և իրացնելը, ինչպես նաև նույն անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար։
Մասնավորապես՝ Բ. Շ.-ի կազմակերպմամբ բժշկական կազմակերպության բժիշկներից առնվազն 8-ը սոմատիկ բաժանմունքում 2020թ. հուլիսից 2021թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացած 385 պացիենտի հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ են ներառել, թե իբր հիշյալ պացիենտները բուժում են ստացել վերակենդանացման բաժանմունքում, որի վերաբերյալ այնուհետև կեղծ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարություն։
Ներկայացված կեղծ հաշվետվությունների հիման վրա «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» ծրագրի ֆինանսական միջոցներից «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությանը անհիմն, փաստացի չմատուցված ծառայությունների դիմաց փոխանցվել է առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:
Առողջապահության նախարարի տեղակալ Գ. Սիմոնյանը, նախարարի հրամանով պատասխանատու լինելով վերը նշված ծրագրի ֆինանսավորման համակարգման համար, ինչպես նաև պարտավոր լինելով իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների դուրսգրման գործառույթների նկատմամբ հսկողություն, «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ի հետ քավորսանիկական, ինչպես նաև նախկինում ունեցած գործնական հարաբերությունները չվատթարացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դիտավորությամբ չի կատարել իր վրա դրված պարտականությունները, այն է՝ հսկողություն չի իրականացրել դուրսգրման տրիաժ խմբի պատասխանատու Լ. Ե.-ի և խմբի անդամների նկատմամբ, որի հետևանքով հիշյալ խմբի անդամները, այցելելով «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերություն, ստացիոնար բուժում ստացող անձանց հիվանդության պատմագրերում առկա կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ և չեն արձանագրել այդ անհամապատասխանությունները:
Գ. Սիմոնյանի հիշյալ գործողությունների արդյունքում «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն հնարավորություն է ստացել նախնական համաձայնությամբ խարդախության եղանակով հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 119.005.000 ՀՀ դրամ:
Նկատի ունենալով, որ առկա են հանցանքի կատարումը վկայող փաստեր, վարույթն իրականացնող ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը 2023 թվականի մարտի 9-ին Գ. Սիմոնյանի նկատմամբ արարքը կատարելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին: Միջնորդությունը բավարարվել է, և քննիչի կողմից որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Գ. Սիմոնյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար նրան դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին:
Քրեական վարույթի շրջանակում մարտի 10-ին ձերբակալվել են ինչպես Գ. Սիմոնյանը, այնպես էլ «Մեդլայն կլինիկ» ՍՊ ընկերության տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ն ու ևս 8 անձ:
Նախաքննությունը շարունակվում է: