«Լավ, ի՞նչ անենք: Սպասենք եւս 120 հազար մարդու կտտանքների՞ ենթարկենք, շարունակե՞նք այդ քաղաքականությունը»․ «Առերեսում» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Որեւէ ինտեգրման, վերաինտեգրման մասին խոսք անգամ չի կարող լինել»,- այսպես արձագանքեց «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ Արցախի արտաքին գործերի նախկին նախարար, Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանն ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե մարտի 1-ին Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների եւ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի եռակողմ հանդիպմանը «քննարկվել է Ղարաբաղի շրջանի հայ բնակիչների վերաինտեգրումը Ադրբեջանի Հանրապետություն՝ Ադրբեջանի Սահմանադրության եւ օրենքներին համապատասխան»: Դավիթ Բաբայանը պնդեց․ «Այն մարդիկ, որոնք մասնակցում են այդ հանդիպումներին՝ քաղաքական հարցերի մասին լիազորված չեն բանակցել, բայց հանդիպման ժամանակ կարող է Ադրբեջանի ներկայացուցիչը կանգնի եւ ասի՝ գիտեք, մենք ձեզ համարում ենք մեր քաղաքացիները, պետք է ինտեգրվեք եւ այլն։ Մերոնք ասում են՝ մեզ համար դա ընդունելի չէ, բացի դրանից՝ այս հանդիպումն ուղղված է լրիվ այլ հարցերի կարգավորմանը։ Բայց միայն այն փաստը, որ ադրբեջանական կողմն այդ հարցը բարձրացնում է՝ թույլ է տալիս իրենց ասել, որ քննարկել են այդ հարցը»։ Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ այդ հանդիպումները չունեն քաղաքական որեւէ ենթատեքստ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանն ուշադրություն հրավիրեց. «Արցախի կենսապահովման համար անհրաժեշտ բոլոր պայմանների հարցը պետք է լուծվեր եռակողմ հայտարարության տակ ստորագրած անձանց եւ պետությունների կողմից: Բայց մենք տեսնում ենք, որ եռակողմ հայտարարությունն այս մասով չի աշխատում, իսկ Արցախին պարտադրում են մտնել երկխոսության մեջ հենց այդ հայտարարության տեքստին համապատասխանող խնդիրներ քննարկելու համար»: Հավելեց. «Արցախն այդ հայտարարության տակ ստորագրություն չի դրել, դրան չի մասնակցել եւ իրեն թույլ էլ չի տրվել, որ մասնակցի: Բայց արի ու տես, որ նրանց ստորագրությամբ ամրագրված պայմաններին Արցախը ստիպված է միջամտել արդեն, չասեմ, խնդրողի, բայց անմիջականորեն շահագրգիռ կողմի կարգավիճակով, որի շահերն ապահովելու երաշխիք տված կողմերից եւ որեւէ մեկն այդ շահերն այսօր չի ապահովում»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/03/04/1326943/