«Միկայի» լուրջ հայտը
Այսօր ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում Երեւանի «Միկան» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց Դիլիջանի «Իմպուլսին» եւ լուրջ հայտ ներկայացրեց կիսաեզրափակիչ մտնելու համար:
Հանդիպման 19-րդ րոպեին հյուրերի պաշտպանների սխալից օգտվեց Նարեկ Բեգլարյանը եւ բացեց հաշիվը: Ընդմիջումից չորս րոպե անց արդեն անզգույշ խաղաց «Իմպուլսի» բելառուսցի պաշտպան Ռոման Հարկուշան, որը գրավեց սեփական դարպասը: «Միկայի» կազմում երրորդ գոլը հեռահար հարվածով խփեց բրազիլացի Էդնեյը:
«Մենք նպատակ էինք դրել ավելի շատ վերահսկել գնդակին, սակայն` չստացվեց: Զարմանալի էր, քանի որ նախապատրաստական փուլի ժամանակ դա ավելի լավ էր ստացվում թիմի մոտ: Առաջին գոլը բաց թողելուց հետո տղաները սկսեցին շտապել, որի պատճառով էլ հաճախակի սկսեցին սխալվել փոխանցումների ժամանակ» - խաղից հետո մամուլի ասուլիսին ասաց «Իմպուլսի» գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
«Միկայի» խաղը մեկնաբանեց թիմի մարզիչ Հակոբ Մկրյանը, քանի որ գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը առաջնության «Միկա» - «Շիրակ» խաղում անպարկեշտ եւ ոչ մարզական պահվածքի համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից որակազրկվել է մեկ խաղով:
«Մեր ֆուտբոլիստները լրիվ կատարեցին իրենց առջեւ դրված խնդիրը. անառիկ պահեցին սեփական դարպասը եւ օգտագործեցին ստեղծված գոլային պահերից երեքը: Չնայած խոշոր հաշվով հաղթանակին, դեռ շուտ է խոսել հաջորդ փուլ մտնելու մասին, քանի որ «Իմպուլսը» վտանգավոր մրցակից է», - ասաց Հակոբ Մկրյանը:
Նշենք, որ պատասխան հանդիպմանը չի մասնակցի «Միկայի» առաջատար պաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանը, որը մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ եւ հեռացվեց դաշտից: